Հայաստանն ընտրվեց ՄԱԿ տնտեսական և սոցիալական խորհրդի անդամ
07 հունիսի, 2024Հունիսի 7-ին Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նիստի ընթացքում կայացած ընտրությունների արդյունքում Հայաստանն ընտրվեց Տնտեսական և սոցիալական խորհրդի անդամ 2025-2027 թթ․ ժամանակահատվածի համար։
Արևելաեվրոպական երկրների տարածաշրջանային խմբին խորհրդի ընտրություններում հատկացված երկու թափուր տեղերի համար ներկայացված էին երեք երկրների՝ Հայաստանի, Բոսնիա և Հերցոգովինայի ու Ադրբեջանի թեկնածությունները:
Փակ գաղտնի քվեարկության արդյունքում Հայաստանը, ստանալով 148 ձայն, ընտրվեց խորհրդի անդամ։ Ընտրվելու համար անհրաժեշտ էր ստանալ անդամ երկրների երկու երրորդի քվեն, այն է՝ 125 ձայն։
ՄԱԿ տնտեսական ու սոցիալական խորհրդին իր անդամակցության շրջանակներում Հայաստանը ջանքեր է գործադրելու իր հանձնառությունները և առաջնայնություններն իրականացնելու ուղղությամբ, այն է՝ Կայուն զարգացման 2030 Օրակարգի իրականացումը, մարդկային կապիտալի զարգացումը, կանանց և երիտասարդների տնտեսական կարողությունների ամրապնդումը, դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների և միջին եկամուտ ունեցող երկրների առաջնայնությունների առաջ մղումը, կլիմայի փոփոխության դեմ պայքարը։
Ծանոթություն. Տնտեսական և սոցիալական խորհուրդը, որի կենտրոնակայանը գտնվում է Նյու Յորքում, հանդիսանում է ՄԱԿ-ի հիմնական մարմիններից մեկը։ Այն բաղկացած է ՄԱԿ անդամ 54 երկրներից և զբաղվում է կայուն զարգացման տնտեսական, սոցիալական և բնապահպանական հարթությունների առաջմղման հարցերով։