ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստ
11 հունիսի, 2024Հունիսի 11-ին ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի մեկնարկին կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենի առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը:
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ գործընկերության օրակարգային թեմաներ, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր:
Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ ՀՀ-ն բարձր է գնահատում երկկողմ հարաբերությունները խորացնելուն, ինչպես նաև Հարավային Կովկասում կայունության հաստատմանն ուղղված ԱՄՆ ջանքերը:
Գործընկերության ընդլայնման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում համագործակցության հարցերը հանգամանալից քննարկվել են հաջորդիվ մեկնարկած նիստի ժամանակ՝ երկու երկրների միջգերատեսչական պատվիրակությունների մասնակցությամբ:
Նիստի մեկնարկին ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը և ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենը հանդես են եկել բացման խոսքով։
ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի ավարտին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենի ներկայությամբ տեղի է ունեցել «ՀՀ կառավարության և ԱՄՆ կառավարության միջև իրենց մաքսային մարմինների փոխադարձ օգնության վերաբերյալ» համաձայնագրի ստորագրման արարողություն: Հայկական կողմից փաստաթուղթը ստորագրեցին ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ամերիկյան կողմից՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը: