ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է Փախստականների համաշխարհային օրվան նվիրված միջոցառմանը
20 հունիսի, 2024Հունիսի 20-ին ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել և ելույթով է հանդես եկել Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ ՄԱԿ Փախստականների գերագույն հանձնակատարի երևանյան գրասենյակի կողմից Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտում կազմակերպված միջոցառմանը:
ԱԳ նախարարի տեղակալն իր ելույթում նշել է, որ Հայաստանի Հանրապետությունն անկախությունից ի վեր բազմիցս բախվել է փախստականների խնդրին, անդրադարձել է 2023թ. սեպտեմբերին Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայից հետո Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման հետևանքով ավելի քան 115 հազար բռնի տեղահանված հայերի իրավիճակին և նշել, որ ՀՀ կառավարությունը շարունակում է գործարկել բոլոր հնարավոր քայլերը փախստականներին աջակցելու համար:
Վահան Կոստանյանն իր ելույթում ընդգծել է նաև, որ առաջնահերթություն համարելով փախստականների կարիքների հասցեագրումը, Հայաստանը 2023թ. տեղի ունեցած Փախստականների համաշխարհային ֆորումի ընթացքում ստանձնել է մի շարք կամավոր հանձնառություններ, որոնք իրականացնելու առումով արդեն իսկ գործարկվել են բազմաթիվ ծրագրեր:
Նախարարի տեղակալն շնորհակալություն է հայտնել Հայաստանի բոլոր այն գործընկերներին, որոնք իրենց օգնության ձեռքն են մեկնել բռնի տեղահանվածներին:
Ի գիտություն. Փախստականների համաշխարհային օրը ՄԱԿ-ի կողմից սահմանված միջազգային օր է, որը նշվում է ամեն տարի հունիսի 20-ին՝ նպատակ ունենալով միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելու փախստականների խնդիրներին: Փախստականների համաշխարհային օրն առաջին անգամ ամբողջ աշխարհում նշվել է 2001թ.՝ 1951թ. Փախստականների կարգավիճակի մասին կոնվենցիայի 50-ամյակի կապակցությամբ: