ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղարի հետ

01 հուլիսի, 2024

Հուլիսի 1-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Լազար Կոմենեսկուի հետ: Հանդիպումը կայացել է Հայաստանի կողմից հուլիսի 1-ին ՍԾՏՀԿ նախագահությունը ստանձնելու կապակցությամբ ՍԾՏՀԿ ԳՔ՝ Երևան այցի շրջանակներում:

Զրուցակիցները քննարկել են ՍԾՏՀԿ հետ ՀՀ համագործակցությանը, կազմակերպությունում ՀՀ նախագահության առաջնահերթություններին, ինչպես նաև տարածաշրջանային տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր:

Հանդիպման մեկնարկին նախարար Միրզոյանն ընդգծել է. «Ձեր այցը լավ հնարավորություն է մտքեր փոխանակել այն մասին, թե ինչպես կարող ենք լավագույնս կյանքի կոչել և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի՝ այսօր մեկնարկող նախագահության նպատակները: 

Մենք հավատացած ենք, որ փոխկապակցվածությունը և մեր կազմակերպության շրջանակներում, անդամ երկրների միջև համագործակցությունը ոչ միայն մեծապես, շոշափելիորեն կնպաստի կայուն տնտեսական զարգացմանը, բայց նաև դա կդառնա նաև ավելի լայն տարածաշրջանում խաղաղության և կայունության կառուցման կարևոր գործոն: Ուստի, փոխկապակցվածությունը կլինի մեր նախագահության առաջնահերթությունների առանցքում: Հատկապես երբ խոսքը վերաբերում է Հարավային Կովկասին, տրանսպորտային կապուղիների բացումն, իհարկե, ոչ միայն մեծապես կնպաստի խաղաղությանն ու անվտանգությանը, տնտեսական համագործակցությանը, այլ նաև կօգնի մեր՝ Հարավային Կովկասի տարածաշրջանին ավելի լավ կապվել համաշխարհային ցանցին, և այստեղ մենք մեծապես հույս ենք դնում նախագահության և ՍԾՏՀԿ մշտական քարտուղարության միջև համագործակցության վրա: 

Իհարկե, փոխկապակցվածությունը միակ ոլորտը չէ. մենք համագործակցել ենք նաև այլ ոլորտներում, ինչպիսիք են տեղեկատվական տեխնոլոգիաները, զբոսաշրջությունը և այլն, և դա կշարունակենք անել նաև ապագայում:»

Վկայակոչելով նաև ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ այն հիրավի տարածաշրջանում տնտեսական զարգացմանը և խաղաղության ապահովմանը միտված ակնհայտ օրինակ է, որն արդեն իսկ դրական արձագանքի է արժանացել մի շարք միջազգային գործընկերների կողմից: 

Զրուցակիցներն ընդգծել են, որ ներկայիս աշխարհաքաղաքական զարգացումների պայմաններում ՍԾՏՀԿ-ն կարող է դիտվել որպես երկխոսության լավ հարթակ՝ նպաստելու ավելի լայն տարածաշրջանային համագործակցության զարգացմանը:

Տպել էջը