Դիվանագիտության ոլորտում կանանց միջազգային օրվան նվիրված քննարկում

12 հուլիսի, 2024

Հուլիսի 12-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը և Հայաստանում ՄԱԿ Զարգացման ծրագրի ներկայացուցչությունը կազմակերպել է քննարկում՝ նվիրված դիվանագիտության ոլորտում կանանց միջազգային օրվան: Քննարկման թեմատիկ ուղվածությունն այս տարի կենտրոնանում էր ճգնաժամի պայմաններում դիվանագիտության և արձագանքի հարցերին:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, ով իր խոսքում նշել է, որ գենդերային հավասարությունը և կանանց ակտիվ ու իմաստալից մասնակցությունը հանրային, քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում, ոչ միայն ներքին բարեփոխումների կարևոր առաջնայնություններ են, այլև՝ միջազգային օրակարգի անբաժանելի մաս: ԱԳ նախարարի տեղղակալ Հովհաննիսյանը ընդգծել է, որ պատերազմների, հումանիտար ճգնաժամերի և բնական աղետների ժամանակ կանանց դերը, գործունեությունը և ներդրումը միշտ չէ, որ համարժեք գնահատան են ստանում: Շեշտվել է, որ հակամարտություններն ու ճգնաժամերը խորացնում են նաև անհավասարությունը և խոցելիությունը: Նախորդ տարի Լեռնային Ղարաբաղի ամիսներ տևող շրջափակման ժամանակ, ինչպես նաև ռազմական հարձակման և էթնիկ զտման ընթացքում հազարավոր կանայք և աղջիկներ, ստանձնելով իրենց ընտանիքների և համայնքների համար պատասխանատվությունը, անհավասար պայքար են մղել անասելի դժվարությունների դեմ:

Պարույր Հովհաննիսյանը կարևորել է կանանց մասնակցությունը ոչ միայն որպես շահառուների, այլև որպես որոշում կայացնողների՝ խաղաղության հաստատման, շրջակա միջավայրի պաշտպանության և մի շարք այլ բնագավառներում:

Քննարկմանը որպես բանախոսներ հանդես են եկել ՄԱԿ մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, դիվանագետներ: Կանադայում ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանը, ՀՀ ԱԳՆ Միջազգային անվտանգության վարչության խորհրդական Նունե Զաստուխովան: 

Միջոցառման վերջում խոսք տրվել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կանանց, որոնք իրենց ելույթներում շեշտել են հանրային դիվանագիտության դերը, ԼՂ կանանց ձայնը ավելի լսելի դարձնելու հրամայականը, նրանց ակտիվ ներգրավումը իրավահեն լուծումներ գտնելու և խաղաղության ջանքերին:

Տպել էջը