ՀՀ ԱԳ նախարարի այցը Վաշինգտոն

12 հուլիսի, 2024

2024թ. հուլիսի 9-10-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այց է կատարել Վաշինգտոն:

Հուլիսի 9-ին նախարար Միրզոյանը Վաշինգտոնում մասնակցել է ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում կազմակերպված «Կանայք, խաղաղություն և անվտանգություն»* միջոցառմանը: Միջոցառման ընթացքում նախարար Միրզոյանը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ, Շվեդիայի, Հունաստանի, Բելգիայի, Սլովակիայի, Նիդերլանդների, Չեխիայի, Կանադայի, Չեռնոգորիայի, Բահրեյնի, Վրաստանի և այլ երկրների գործընկերների հետ:

Նույն օրն Արարատ Միրզոյանը մասնակցել է նաև ՆԱՏՕ-ի 75-ամյակին նվիրված՝ ԱՄՆ նախագահի անունից կազմակերպված պաշտոնական ընդունելությանը, որտեղ հանդիպել է ՆԱՏՕ անդամ և գործընկեր երկրների ԱԳ նախարարների հետ: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ մտքեր են փոխանակվել ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցերի շուրջ:

Հանդիպումների ժամանակ ընդգծվել է նաև ՆԱՏՕ-ի հետ ՀՀ գործընկերության ընդլայնման հարցում շահագրգռվածությունը՝ միտված տարբեր ոլորտներում գործնական համագործակցությանը, ինչպես նաև Հարավային Կովկասում ավելի կայուն ու անվտանգ մթնոլորտի ձևավորմանը:

Հուլիսի 10-ին նախարար Միրզոյանը մասնակցել է նաև ՆԱՏՕ-ի գագաթաժողովին շրջանակներում գործընկեր երկրների ԱԳ նախարարների հետ՝ պետքարտուղար Բլինքենի կողմից կազմակերպված պաշտոնական ընդունելությանը:

Նույն օրն Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Բելգիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբի հետ: Քննարկվել են երկու երկրների միջև համագործակցության օրակարգի հարցեր և տարածաշրջանային զարգացումները:

Այցի շրջանակներում՝ հուլիսի 10-ին, տեղի է ունեցել նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եռակողմ  հանդիպումը

*Հայաստանը հանձնառու է խաղաղության և անվտանգության կառուցման հարցերում կանանց դերի առաջմղմանը: Նախարարը նշել է, որ ներկայումս իրականացվում է «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» հարցերով ՀՀ երկրորդ ազգային գործողությունների ծրագիրը, որը ներառում է ռազմական ուժերում և ոստիկանական համակարգում, կիբերանվտանգության ծրագրերում և խաղաղապահ առաքելություններում կանանց ներգրավածության ավելացումը, կանանց ու աղջիկների սոցիալական ու տնտեսական իրավունքների պաշտպանությունը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կանանց իրավունքների պաշտպանությունը:

 

Տպել էջը