ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը ՄԱԿ գլխավոր քարտուղարի երիտասարդության հարցերով փոխտեղակալի հետ
12 սեպտեմբերի, 2024Սեպտեմբերի 12-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է երիտասարդության հարցերով ՄԱԿ գլխավոր քարտուղարի փոխտեղակալ Ֆելիպե Պաուլիերին, որը Երևանում է գտնվում սեպտեմբերի 11-14 անցկացվող Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի շրջանակներում:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երիտասարդության առաջխաղացման, հանրային կյանքի բոլոր ոլորտներում նրանց բովանդակային մասնակցության հարցերին և այդ ուղղությամբ ՄԱԿ Երիտասարդության գրասենյակի հետ համագործակցության հեռանկարներին:
ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի կողմից իրականացվող քայլերը երիտասարդների առջև ծառացած մարտահրավերներին պատշաճ լուծումներ գտնելու և նրանց առաջխաղացման ու ներուժի լիարժեք իրացման նպատակով բարենպաստ միջավայրի ձևավորման ուղղությամբ:
Երկուստեք կարևորվել է ՄԱԿ Երիտասարդության գրասենյակի հետ համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ՄԱԿ շրջանակներում տեղի ունեցող գործընթացներին երիտասարդների ներգրավման ուղղությամբ համագործակցության վերաբերյալ: