Հայաստանի և Ալժիրի ԱԳ նախարարների հանդիպումը
23 սեպտեմբերի, 2024Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ալժիրի ԱԳ նախարար Ահմեդ Ատտաֆի հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակներում:
Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային հարցեր։ Անդրադարձ է կատարվել Մերձավոր Արևելքում վերջին զարգացումներին և ստեղծված իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։
Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակի համատեքստում նախարար Միրզոյանն ընդգծել է ՀՀ հստակ դիրքորոշումը միջազգային իրավունքի հիմնարար սկզբուքներին համապատասխան Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի կնքման հարցում։
Հայաստանի և Ալժիրի ԱԳ նախարարները քննարկել են նաև երկկողմ օրակարգի հարստացմանն ուղղված քայլերը։ Շեշտելով արաբական աշխարհի երկրների հետ Հայաստանի՝ ավանդաբար բարեկամական հարաբերությունների մակարդակը՝ երկուստեք կարևորվել է Ալժիրի հետ քաղաքական երկխոսության ակտիվացման, նոր ոլորտներում համագործակցության զարգացման, այդ նպատակով իրավապայմանագարյին դաշտի ընդլայնման ուղղությամբ համատեղ քայլերի իրականացումը։