Հայաստանի և Լեհաստանի ԱԳ նախարարների հանդիպումը

24 սեպտեմբերի, 2024

Սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 79-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկիի հետ:

Արարատ Միրզոյանը և Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր՝ ներառյալ Հարավային Կովկասում և դրա շուրջ վերջին զարգացումները։ 

Նախարար Միրզոյանը ներկայացրել է ՀՀ տեսլականը ժողովրդավարական ուղու շարունակականության, տնտեսական զարգացման, ավելի լայն աշխարհագրությամբ փոխկապակցվածությամբ ապահովման հարցում։ Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է սեղմ ժամկետում Ադրբեջանի հետ  խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում ՀՀ հստակ քաղաքական կամքը՝ արտահայտված նաև խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ վերջին առաջարկում։

Արարատ Միրզոյանն ընդգծել է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հարցում ՀՀ շահագրգռվածությունը՝ հիմնված հանրահայտ սկզբունքների վրա։ 

Հայաստանի և Լեհաստանի ԱԳ նախարարները քննարկել են նաև ԵՄ հետ ՀՀ գործընկերության խորացման հարցեր, դիտարկվել են փոխգործակցության հեռանկարները՝ համահունչ ՀՀ քաղաքացիների ձգտումներին:

Հանդիպման ընթացքում նախարար Միրզոյանն իր լեհ գործընկրոջը ցավակցություն է հայտնել վերջին շրջանում Լեհաստանում ջրհեղեղների հետևանքով գրանցված զոհերի առնչությամբ։

Տպել էջը