ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Փախստականների հարցերով ՄԱԿ բարձր հանձնակատարի հետ

24 սեպտեմբերի, 2024

Սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 79-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Փախստականների հարցերով ՄԱԿ բարձր հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ:

Զրուցակիցները քննարկել են ՀՀ և Փախստականների հարցերով ՄԱԿ բարձր հանձնակատարի գրասենյակի միջև շարունակական փոխգործակցությանն առնչվող հարցեր:

Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից ուղիղ մեկ տարի առաջ բռնի տեղահանված շուրջ 115 հազար հայ բնակչության առաջնային և միջնաժամկետ կարիքների հասցեագրման, ինչպես նաև երկարաժամկետ հեռանկարում ծրագրերի մշակման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացված քայլերին, այդ նպատակով միջազգային գործընկերների հետ համագործակցությանը։

Նախարար Միրզոյանը Ֆիլիպո Գրանդիին ներկայացրել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին շրջանի քննարկումները, առանցքային հարցերի շուրջ ՀՀ մոտեցումները։

Տպել էջը