ՀՀ ԱԳ նախարարի նախագահությամբ Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի նախարարական հանդիպումը
25 սեպտեմբերի, 2024Սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում կայացել է Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի նախարարական հանդիպում, որը նախագահել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
Հանդիպմանը մասնակցել են նաև Չինաստանի, Հունաստանի, Իրանի, Իրաքի, Բոլիվիայի, Պերուի, Մեքսիկայի և Եգիպտոսի պատվիրակությունները։
Նախարար Միրզոյանը հանդիպումը սկսել է մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ ֆորումի նախորդ նախագահ, Իրանի նախկին ԱԳ նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանի, ով մահացել է այս տարի մայիսին ուղղաթիռի ողբերգական վթարի հետևանքով՝ նախագահ Էբրահիմ Ռայիսիի և նրանց ուղեկցող պատվիրակության անդամների հետ միասին:
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի ելույթին հաջորդել են Իրաքի փոխվարչապետ, ԱԳ նախարար Ֆուադ Հուսսեյնի, ինչպես նաև Իրանի, Չինաստանի, Պերուի և Հունաստանի ներկայացուցիչների ելույթները:
Հանդիպման արդյունքներով ընդունվել է համատեղ մամուլի հաղորդագրություն։