Համատեղ մամուլի հայտարարություն ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակներում Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի արտաքին գործերի նախարարների հանդիպման

25 սեպտեմբերի, 2024

Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի անդամ երկրների արտաքին գործերի նախարարները և նրանց ներկայացուցիչները՝ Հայաստանի Հանրապետությունը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը, Հունաստանի Հանրապետությունը, Իրանի Իսլամական Հանրապետությունը, Իրաքի Հանրապետությունը և Պերուի Հանրապետությունը հանդիպում են ունեցել 2024 թվականի սեպտեմբերի 25-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակում: Հանդիպումը նախագահում էր ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

Նախարարները,

Վերահաստատել են հանձնառություններն՝ ամրագրված ֆորումի ստեղծման վերաբերյալ Աթենքի հռչակագրում (2017թ.), Տիվանակուի հռչակագրում (2018թ.), Պեկինի հռչակագրում (2019թ.), Լիմայի Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի հռչակագրում (2020թ), Պերուում կայացած հինգերորդ առցանց նախարարական հանդիպման արդյունքում (2021թ.), Բաղդադի հռչակագրում (2022 թ.), Թեհրանի հռչակագրում (2023 թ.) և ընդգծում են Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի առանցքային դերը՝ որպես անդամ երկրների միջև միջմշակութային երկխոսության և համագործակցության հարթակ, որի նպատակն է առաջ տանել հնագույն ժառանգությունը և խթանել խաղաղության և ոչ բռնության մշակույթը:

Վկայակոչել են «Զինված հակամարտությունների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի կոնվենցիայի 70-ամյակը (1954թ.)՝ որպես միջազգային կամ ոչ միջազգային զինված հակամարտությունների ժամանակ մշակութային ժառանգության պաշտպանության և պահպանման համար միջազգային համագործակցության առանցքային փաստաթուղթ։

Վկայակոչել են քաղաքակրթությունների և մշակույթների միջև փոխըմբռնման, զարգացման և փոխանակման խթանման վերաբերյալ Գլխավոր ասամբլեայի բոլոր համապատասխան բանաձևերը, մասնավորապես վերջերս ընդունված «Քաղաքակրթությունների միջև երկխոսության միջազգային օր» վերնագրով բանաձևը՝ ընդունելով, որ քաղաքակրթական նվաճումները կազմում են մարդկության հավաքական ժառանգությունը և խրախուսելով քաղաքակրթությունների միջև երկխոսությունը՝ միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը, մարդկային բարեկեցությունը, ազատությունն ու առաջընթացը խթանելու, ինչպես նաև քաղաքակրթությունների բազմազանության արժեքի մասին իրազեկությունը բարձրացնելու նպատակով:

Ընդգծել են, որ զինված հակամարտությունների ժամանակ մշակութային ժառանգության ապօրինի ոչնչացումը և մշակութային արժեքների, այդ թվում՝ կրոնական վայրերի և արտեֆակտների թալանն ու մաքսանենգությունը, և այս համատեքստում պատմական արմատները, մշակութային ինքնությունը և մշակութային բազմազանությունը ժխտելու փորձերը կարող են հրահրել և սրել հակամարտություն՝ դրանով իսկ խաթարելով տուժած պետությունների անվտանգությունը, կայունությունը, կառավարումը, սոցիալական, տնտեսական և մշակութային զարգացումը և մարդու իրավունքների իրացումը, մասնավորապես՝ մշակութային իրավունքները:

Ընդգծել են համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունն՝ ուղղված իրենց ժողովուրդների պատմամշակութային ժառանգության պաշտպանությանն ու զարգացմանը՝ որպես ողջ մարդկության ընդհանուր ժառանգության։

Շեշտադրել են, որ հնագույն քաղաքակրթությունների մշակութային ժառանգության պահպանումը կարևոր դեր է խաղում հանդուրժողականության և խտրականության դեմ առաջխաղացման, ատելության խոսքի և այլատյացության դեմ պայքարում և արդար, խաղաղ ու ներառական հասարակություններ կառուցելու գործում:

Ընդունել են կայուն զբոսաշրջության՝ ներառյալ մշակութային և կրոնական զբոսաշրջության դերը համամարդկային ակնառու արժեք ունեցող մշակութային ժառանգության պաշտպանության, պահպանման և կառավարման գործում՝ ներառյալ մշակութային և կրոնական վայրերը` միաժամանակ հասնելով կայուն տնտեսական զարգացմանը:

Ընդգծել են հնագույն քաղաքակրթությունների կարևորությունը մարդկության առջև ծառացած գլոբալ մարտահրավերներին, մասնավորապես՝ կլիմայի փոփոխությանը, ջրի սակավությանը, աղքատությանը և աշխարհաքաղաքական լարվածությանը արժեքավոր համագործակցային լուծումներ տալու հարցում:

Ընդգծել են ատելության, բռնության և հակամարտությունների արմատական ​​պատճառները հասցեագրելու կարևորությունը` խաղաղության մշակույթը խթանելու համար, և կոչ են արել խթանել միջկրոնական և միջմշակութային երկխոսության արժեքները, հարգել քաղաքակրթությունների բազմազանությունը, ներառականությունը և մարդու իրավունքները՝ առաջ մղելով խաղաղությունը, անվտանգությունը և կայուն զարգացումը՝ արձագանքելով գլոբալ մարտահրավերներին:

Ընդգծել են մշակութային ժառանգության դիմակայունության ամրապնդման անհրաժեշտությունը, պաշտպանելու այն կլիմայի փոփոխության հետևանքներից և համակարգված կերպով արձագանքելու դրա ազդեցությանը, ինչպես միջազգային, այնպես էլ ազգային մակարդակներում:

Ընդգծել են, որ թվային ոլորտը և դրա շարունակական փոխակերպումը կարևոր ոլորտ են խաղաղության մշակույթի կառուցման գլոբալ գործողությունների համար և կարևորել են նոր տեխնոլոգիաների նշանակալի դերը մշակութային ժառանգության մշտադիտարկման, պահպանման և վերականգնման գործում։

Ողջունել են Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության կենտրոնական դերը մշակութային ժառանգության պաշտպանության և մշակույթի առաջմղման գործում՝ որպես մարդկանց միավորելու և երկխոսությունը խթանելու գործիք:

Երախտագիտություն են հայտնել ՄԱԿ Քաղաքակրթությունների դաշինքին երիտասարդության, կրթության, ԶԼՄ-ների և միգրացիայի ոլորտներում մի շարք գործնական նախագծերի միջոցով խաղաղության մշակույթը խթանելու ուղղությամբ շարունակական ջանքեր գործադրելու համար:

Ընդգծել են մշակութային և կրոնական ժառանգության դեմ ուղղված վանդալիզմի գործողությունները կանխելու և պատժելու վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի իրավաբանորեն պարտադիր ուժ ունեցող որոշումների կիրարկման կարևորությունը։

Աջակցել են քաղաքացիական հասարակության և այլ համապատասխան շահագրգիռ կողմերի՝ ներառյալ ոչ կառավարական կազմակերպությունների, մարդու իրավունքների ազգային հաստատությունների, կրոնական առաջնորդների և հավատքի վրա հիմնված կազմակերպությունների, բնիկ ժողովուրդների, կանանց կազմակերպությունների, երիտասարդության, լրատվամիջոցների և մասնավոր հատվածի հետ ներգրավվածությունը՝ խթանելու խաղաղության մշակույթի արժեքները, հանդուրժողականությունը և հարգանքը կրոնական և մշակութային բազմազանության նկատմամբ:

Համաձայնել են, որ Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի կարողությունների ամրապնդումը կբարձրացնի նրա տեսանելիությունը միջազգային հարթակներում և կապահովի անդամ երկրների միջև ավելի ամուր, համահունչ և արդյունավետ համագործակցություն:

Նախարարները շնորհակալություն են հայտնել Իրանի Իսլամական Հանրապետությանը Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 7-րդ նախարարական հանդիպումը հյուրընկալելու համար և աջակցություն հայտնել Հայաստանի Հանրապետությանը 2024 թվականի դեկտեմբերի 18-ին Հայաստանում Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի նախարարական 8-րդ հանդիպումը հյուրընկալելու համար։

Տպել էջը