Հայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարների հանդիպումը
27 սեպտեմբերի, 2024Սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 79-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լատվիայի ԱԳ նախարար Բայբա Բրաժեի հետ:
Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք թեմաներ։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան. «Մենք շարունակում ենք ակտիվորեն զարգացնել երկկողմ հարաբերությունները ԵՄ անդամ երկրների հետ, և Լատվիայի հետ ունենք զգալի ներուժ։ Ուստի, ուրախ էի քննարկել մեր երկու երկրների միջև օրակարգի հարստացմանն ուղղված քայլերը, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարները։ Մենք կարող ենք արդյունավետորեն համագործակցել նաև բազմակողմ հարթակներում։»
Հայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային հարցերի շուրջ։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ ՀՀ ջանքերը և Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի՝ առանց արհեստական խոչընդոտների ստեղծման ու ձգձգման կնքման կարևորությունը։