Կիպրոսի Հանրապետության նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

30 սեպտեմբերի, 2024

Սեպտեմբերի 30-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կիպրոսի Հանրապետության նորանշանակ դեսպան Միքայել Մավրոսին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Շնորհավորելով դեսպան Մավրոսին նշանակման առթիվ՝ ԱԳ նախարարի տեղակալը համոզմունք է հայտնել, որ դեսպանը առավելագույն ջանքեր կգործադրի առկա գերազանց համագործակցության ընդլայնման ուղղությամբ՝ ներառելով  նաև նոր ոլորտներ:

Կողմերը գոհունակությամբ ընդգծել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ քաղաքական հարաբերությունների ներկա բարձր մակարդակը՝ հատուկ կարևորելով բարձրաստիճան փոխայցելությունների և շփումների շարունակականությունը: 

Զրուցակիցներն անդրադարձել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցությանն առնչվող հարցերի օրակարգին, այդ թվում՝ ԵՄ հետ Հայաստանի գործընկերության շրջանակներում իրականացվող քայլերին։

Նախարարի տեղակալն անդրադարձել է տրանսպորտային և տնտեսական փոխկապակցվածության զարգացմանն ուղղված նախագծերին, այդ թվում՝ ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, ինչպես նաև միջազգային հարթակներում համագործակցությանը և դրանց շրջանակներում փոխադարձ աջակցության հնարավորություններին:

Պարույր Հովհաննիսյանը ներկայացրել է նաև Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առկա վերջին զարգացումները:

Տպել էջը