ՀՀ ԱԳ նախարարի մասնակցությունը Վարշավայի անվտանգության ֆորումին
02 հոկտեմբերի, 2024Հոկտեմբերի 1-2-ը կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը Լեհաստան, որտեղ ՀՀ-ն առաջին անգամ ԱԳ նախարարի մակարդակով ներկայացված է եղել Վարշավայի անվտանգության ֆորումին։
Հոկտեմբերի 1-ին ֆորումի նախագահ Կատաժինա Պիսարսկայի կողմից պաշտոնական դիմավորումից հետո նախարար Միրզոյանը հանդիպում է ունեցել ֆորումի հիմնադիր, «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահ Զբիգնև Պիսարսկիի հետ։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի, այդ թվում՝ Վարշավայի անվտանգության և սեպտեմբերին Երևանում անցկացված «Երևանյան երկխոսություն» միջազգային ֆորումների միջև հնարավոր համագործակցության շուրջ։ Անդրադարձ է կատարվել ԵՄ հետ ՀՀ գործընկերության խորացմանն ուղղված ջանքերին և այդ ուղղությամբ մասնավորապես Լեհաստանի գործընկերների հետ համագործակցության հարցերի։
Նույն օրը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ֆորումի պաշտոնական բացման արարողությանը, որի ժամանակ ելույթով հանդես է եկել Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան:
Միջոցառման շրջանակներում նախարար Միրզոյանը նաև շփումներ է ունեցել նաև առանձին գործընկերների հետ։
Հոկտեմբերի 2-ին նախարար Միրզոյանը մասնակցել է «Համաշխարհային կարգ և ժողովրդավարություն. քարտեզ Հարավային Կովկասի համար» խորագրով բարձր մակարդակի քննարկմանը։