ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է «Ֆրանկոֆեստ» փառատոնի հանդիսավոր բացման արարողությանը
12 հոկտեմբերի, 2024Հոկտեմբերի 12-ին Երևանում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է «Ֆրանկոֆեստ» գրականության ու արվեստի փառատոնի հանդիսավոր բացման արարողությանը։
Միջոցառման ընթացքում հայտարարվել է ֆրանկոֆոն գրականության ամենահեղինակավոր «Գոնկուր» մրցանակի հայաստանյան մասնաճյուղի հիմնադրման և ազգային ժյուրիի ձևավորման մասին:
Իր ողջույնի խոսքում ԱԳ նախարարի տեղակալը մեծապես կարևորել է այս իրադարձությունը՝ Հայաստանում ֆրանսերեն լեզվի տարածման ու ամրապնդման տեսանկյունից: Այս հանատեքստում նա ընդգծել է Հայաստանում ֆրանսիական ինստիտուտի, Հայաստանում ֆրանսիական համալսարանի և «New Mag» հրատարակչության կարևոր դերակատարությունը:
Ողջունելով Գոնկուրի ակադեմիայի ներկայացուցիչների մասնակցությունը փառատոնին՝ Պարույր Հովհաննիսյանն ընդգծել է ակադեմիայի անդամ, մեծանուն ֆրանսիացի գրող ու փիլիսոփա Պասկալ Բրյուկների ներկայությունը միջոցառման ընթացքում: Նախարարի տեղակալը հիշեցրել է ներկաներին Բրյուկների կարևոր դերակատարությունը հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդման ու խորացման գործում և անվերապահ աջակցությունը Հայաստանին ու հայ ժողովրդին: