ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը Հունգարիայի Հայ ինքնավարության պատվիրակության հետ
17 հոկտեմբերի, 2024Հոկտեմբերի 17-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հունգարիայի Հայ ինքնավարության պատվիրակությանը՝ Հունգարիայի խորհրդարանում Հայ ինքնավարության խոսնակ Նիկողոս Ակոպյանի գլխավորությամբ:
Հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից հետո բարձր մակարդակի փոխայցելությունների և համատեղ նախաձեռնությունների միջոցով նոր ուղղությունների բացահայտման հարցում առկա հետաքրքրությունը, քննարկվել են առաջիկա ծրագրերը: Նախարարի տեղակալը ընդգծել է, որ համագործակցության ամրապնդման գործում զգալի է հայ համայնքի դերը, որը երկու երկրներն ու ժողովուրդները կամրջող յուրօրինակ օղակ է։
Պատվիրակության անդամները ներկայացրել են Հունգարիայում հայ համայնքի գործունեությունը, ինչպես նաև Հայ ինքնավարության կողմից իրականացվող աշխատանքները: