ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի հանդիպումը Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպեր շրջանի պատվիրակության հետ

27 հոկտեմբերի, 2024

Հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հանդիպել է Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպեր շրջանի փոխնախագահ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակության հետ, որի կազմում էին Օվերնյ-Ռոն-Ալպեր շրջանի 6 քաղաքների քաղաքապետեր և փոխքաղաքապետեր:

Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության հետագա խորացման հեռանկարների շուրջ: Կարևորվել է առաջիկայում Լիոն քաղաքում կայանալիք Օվերնյ-Ռոն-Ալպեր-Հայաստան-Սյունիք միջոցառման հաջող անցկացումը, ինչպես նաև գալիք տարի Գորիս քաղաքում կայանալիք Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ նիստի կազմակերպումը:

Նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը կարևորել է Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպեր շրջանի և Հայաստանի Սյունիքի մարզի միջև համագործակցության ընդլայնմանն ուղղված քայլերը: Նախարարի տեղակալը ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունները, ներառյալ Հայաստան-ԵՄ գործընկերությունը:

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային մի շարք հարցերի:

Տպել էջը