ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է «Նոր և զարգացող տեխնոլոգիաների կիրառմամբ մշակութային ժառանգության պաշտպանություն և վերականգնում» խորագրով միջազգային համաժողովին
28 հոկտեմբերի, 2024Հոկտեմբերի 28-ին «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում մեկնարկել է «Նոր և զարգացող տեխնոլոգիաների կիրառմամբ մշակութային ժառանգության պաշտպանություն և վերականգնում» խորագրով միջազգային համաժողովը, որը կազմակերպվել է ՀՀ ԱԳ նախարարության, Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի և ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից` ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցաբար։
Բացման խոսքով հանդես են եկել ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի և արտակարգ իրավիճակների գծով տնօրեն, 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի քարտուղար Քրիստա Պիկատը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի անունից։
Համաժողովը նվիրված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 70-ամյակին և 1999 թվականի Երկրորդ արձանագրության 25-ամյակին:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր խոսքում անդրադարձ է կատարել 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի կարևորությանը՝ որպես մշակութային ժառանգության պաշտպանության առանցքային գործիք։ Վահան Կոստանյանն ընդգծել է, որ այսօր քաղաքակիրթ աշխարհը աննախադեպ մարտահրավերների է բախվում մշակութային արժեքների պաշտպանության հարցում՝ ի դեմս մշակութային ժառանգության վրա հարձակումների տեսանելի աճի, ինչի ականատեսն ենք եղել նաև մեր տարածաշրջանում հայկական մշակութային ժառանգության պարագայում։
Այս համատեքստում Վահան Կոստանյանը շեշտել է մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված ինստիտուտների և գործիքների ամրապնդման հրատապ անհրաժեշտությունը, այդ թվում՝ նորարարական ուղիների մշակման ու նորագույն տեխնոլոգիաների կիրառման միջոցով, որոնք նոր հնարավորություններ են ընձեռում հիշատակված մարտահրավերներին արձագանքելու համար։
Ծանոթագրություն. «Նոր և զարգացող տեխնոլոգիաների կիրառմամբ մշակութային ժառանգության պաշտպանություն և վերականգնում» խորագրով միջազգային համաժողովն անցկացվելու է հոկտեմբերի 28-ին և 29-ին։ Քննարկումները կայանալու են «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում և ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում։
Համաժողովին մասնակցում են շուրջ չորս տասնյակ հեղինակավոր փորձագետներ արտերկրից, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։