Երևանում անցկացվել է «Նոր և զարգացող տեխնոլոգիաների կիրառմամբ մշակութային ժառանգության պաշտպանություն և վերականգնում» խորագրով միջազգային համաժողովը
29 հոկտեմբերի, 2024Հոկտեմբերի 28-ից 29-ը Երևանում անցկացվել է «Նոր և զարգացող տեխնոլոգիաների կիրառմամբ մշակութային ժառանգության պաշտպանություն և վերականգնում» խորագրով միջազգային համաժողովը՝ նվիրված Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 70-ամյակին և 1999 թվականի Երկրորդ արձանագրության 25-ամյակին:
Միջոցառմանը մասնակցել են շուրջ չորս տասնյակ օտարերկրյա հեղինակավոր փորձագետներ և միջազգային միջկառավարական ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ ղեկավար պաշտոնյաներ ՅՈՒՆԵՍԿՕ-ից, Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդից (ICOMOS), Կապույտ վահանից (Blue Shield), Հակամարտության գոտիներում մշակութային ժառանգության պաշտպանության դաշինքից (ALIPH), Եվրոպա նոստրայից, Հուշարձանների համաշխարհային հիմնադրամից (WMF), ՄԱԿ արբանյակային կենտրոնից (UNOSAT), Բնության ու մշակույթի հուշարձանների դիտարկման տիեզերական տեխնոլոգիաների կենտրոնից (UNESCO HIST):
Համաժողովի լիագումար նիստի ընթացքում մասնակիցները քննարկել են 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի և 1999 թվականի Երկրորդ արձանագրության դրույթների կյանքի կոչման հարցում առկա մարտահրավերները և դրանց արձագանքի ուղիները: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում հայկական մշակութային ժառանգության պաշտպանության հարցում նշված առանցքային իրավական փաստաթղթերի համապարփակ իմպլեմենտացիայի անհրաժեշտությանը:
Հաջորդիվ պանելային քննարկման ընթացքում քննարկվել են նոր տեխնոլոգիաների ու նորարարական լուծումների միջոցով մշակութային ժառանգության պաշտպանության ոլորտում բացվող նոր հեռանկարները։
Համաժողովի երկրորդ օրվա քննարկումը տեղի է ունեցել ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, որտեղ մասնակիցները հանգամանալից անդրադարձ են կատարել մշակութային արժեքների պահպանման նպատակով նորագույն տեխնոլոգիաների (թվայնացում, 3D սկանավորում, արբանյակային տեսապատկերում, արհեստական բանականություն) կիրառման գործնական հնարավորություններին ու գրանցված արդյունքներին:
Միջոցառման ընթացքում միջազգային հյուրերը հնարավորություն ունեցան ծանոթանալու Մատենադարանում և ԹՈՒՄՈ-ում առկա՝ մշակութային ժառանգության պահպանության նպատակով կիրառվող նորագույն տեխնոլոգիական հնարավորություններին և հայ մասնագետների լավագույն փորձին:
Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Դավիթ Կնյազյանն իր ամփոփիչ խոսքում վերահաստատել է Հայաստանի վճռական հանձնառությունը՝ շարունակելու նպաստել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային-իրավական մեխանիզմների, այդ թվում՝ 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի ամրապնդմանը՝ ժառանգության ոչնչացման դեպքերի դեմ արդյունավետ պայքարի նպատակով: