ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է ԵՊՀ-ում ՄԱԿ-ի օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը
30 հոկտեմբերի, 2024Հոկտեմբերի 30-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը Երևանի պետական համալսարանում մասնակցել է ՄԱԿ-ի օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը։
Իր ելույթում Պարույր Հովհաննիսյանն ընդգծել է Միավորված ազգերի կազմակերպության կարևոր դերակատարությունը միջազգային խաղաղության և անվտանգության պահպանության, կայուն զարգացման ու մարդու իրավունքների պաշտպանության գործում: Նա նշել է, որ Հայաստանը սատարում է ՄԱԿ-ի բարեփոխումների օրակարգը՝ ապահովելու կազմակերպության կողմից իր մանդատի արդյունավետ իրականացումը և «ոչ ոքի հետևում չթողնելու» հանձնառության կյանքի կոչումը:
Նախարարի տեղակալը բարձր է գնահատել ՄԱԿ մարմինների և մասնագիտացված գործակալությունների ու Հայաստանում ՄԱԿ գրասենյակի հետ համագործակցությունը՝ միտված Հայաստանի բարեփոխումների հավակնոտ օրակարգի առաջմղմանը, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, օրենքի գերակայության երաշխավորմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, Կայուն զարգացման նպատակների իրականացմանը։
Կարևորելով երիտասարդների առաջխաղացումը՝ Պարույր Հովհաննիսյանն անդրադարձ է կատարել ԱԳ նախարարության և ՄԱԿ գրասենյակի կողմից համատեղ կազմակերպած ՄԱԿ մոդելային խորհրդաժողովին, սեպտեմբերին Երևանում անցկացված Միջխորհրդարանական միության Երիտասարդ խորհրդարանականների ֆորումին և դրա շրջանակներում ՀՀ այցելած ՄԱԿ Գլխավոր քարտուղարի երիտասարդության հարցերով փոխտեղակալ Ֆելիպե Պաուլիերի հանդիպմանը հայ երիտասարդության հետ։
Պարույր Հովհաննիսյանը ողջունել է ՄԱԿ Օրվա կապակցությամբ Երիտասարդության և կլիմայի փոփոխության թեմայով պանելային քննարկման անցկացումը՝ նշելով, որ ԱԳ նախարարությունը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում երիտասարդների ակտիվ և բովանդակային ներգրավումը միջազգային գործընթացներին։