Հայաստանն ընտրվել է որպես ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) հյուրընկալող երկիր

01 նոյեմբերի, 2024

Հոկտեմբերի 31-ին Կոլումբիայի Կալի քաղաքում ընթացող ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 16-րդ համաժողովի ընթացքում Հայաստանն ընտրվել է որպես կողմերի 17-րդ համաժողովի հյուրընկալող երկիր։

Այս ընտրությունը վերահաստատում է միջազգային հանրության աճող վստահությունը Հայաստանի նկատմամբ` որպես գլոբալ բնապահպանական գործընթացների կարևոր դերակատարի: Հայաստանին այժմ վստահված է կենսաբանական բազմազանության կոնվենցիայի ներքո միջազգային ջանքերի մեկտեղման և առաջմղման պատասխանատու աշխատանքը' նպաստելու մարդկության դեմ ծառացած ներկա բնապահպանական մարտահրավերների հաղթահարմանը։

Կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) կայանալու է Երևանում 2026 թվականին։

 

ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիան հանդիսանում է բնապահպանական երեք գլոբալ կոնվենցիաներից մեկը, որը կարգավորում է միջազգային հանրության ջանքերը շրջակա միջավայրի կենսունակության, կենսաբանական բազմազանության պահպանման, վերականգման և բնական ռեսուրսների կայուն օգտագործման ոլորտում։ Կոնվենցիայի ներքո կողմերի համաժողովները բնապահպանական խոշորագույն միջոցառումներից են: Դրանք կազմակերպվում են երկու տարին մեկ, որոնց ընթացքում անդամ երկրներն աշխատանքներ են տանում կոնվենցիայի կիրարկման համար համապատասխան մեխանիզմների մշակման և այդ նպատակով նոր հանձնառությունների ստանձման ուղղությամբ։ Կոնվենցիայի համաժողովներին լայն մասնակցություն են ունենում քաղաքացիական հասարակության, մասնավորապես՝ ոչ կառավարական կազմակերպությունների, բնիկ ժողովուրդների, ակադեմիական շրջանակների, կանանց կազմակերպությունների, երիտասարդության, մասնավոր հատվածի ներկայացուցիչները:

Տպել էջը