ՀՀ ԱԳ նախարարի մասնակցությունն ԱԺ լիագումար նիստում կառավարության հետ հարցուպատասխանին

13 նոյեմբերի, 2024

Նոյեմբերի 13-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ԱԺ լիագումար նիստում կառավարության հետ հարցուպատասխանին: Նախարար Միրզոյանը պատասխանել է պատգամավորի հարցին, որը ներկայացված է ստորև: 

Հարց․ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև գրեթե չորս տարի է գնում են հարաբերությունների կարգավորման բանակցություններ: Թե՛ միջազգային կառույցները, թե՛ առանձին երկրներ բազմիցս խրախուսել են տարածաշրջանում խաղաղությունը, հորդորներով են հանդես եկել այն մասով, որ շուտափույթ պետք է խաղաղության պայմանագիրն իր հանգրվանին հասնի: Չնայած այս ամենին, երբ երկու երկրներ հայտարարում են արդեն, որ պայմանագրի գրեթե 80%-ը պատրաստ է և շատ մոտ են խաղաղության պայմանագրի կնքմանը, մեր՝ Ռուսաստանի Դաշնության գործընկերներից, Ձեր գործընկերը՝ արտաքին գործերի նախարարը, վերջերս մի քանի հայտարարություն է արել, կուզեմ ցիտել.- «Հաշվի առնելով երկու կողմերի երկարամյա թշնամությունը, ռազմական գործողությունները և զոհերը՝ մենք հասկանում ենք, թե որքան դժվար է Բաքվի և Երևանի համար առաջընթացի հասնել: Ուստի, ի տարբերություն արևմտյան կեղծ միջնորդների, մենք մեր գործընկերներին չենք դրդում հապճեպ խաղաղության պայմանագիր կնքել։ Վաղաժամ խաղաղությունն առանց Բաքվի և Երևանի դիրքորոշումների, ինչպես նաև տեղում իրականության համապարփակ դիտարկման, ոչ մի լավ բանի չի հանգեցնի, ընդհակառակը` դա կստեղծի լարվածության, հակամարտության և պոտենցիալ, էսկալացիայի լրացուցիչ ռիսկեր։» Ես կխնդրեմ ձեր դիտարկումներն անեք, թե Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարն ինչու՞ է նման դիրքորոշում հայտում։

Պատասխան․ Շնորհակալ եմ հարցի համար, տիկի՛ն Մինասյան: Գիտեք՝ սովորաբար մեկնաբանությունների վերաբերյալ մեկնաբանություններ անելը մի քիչ անշնորհակալ և երբեմն անտեղի, անհարկի գործ է, բայց, այնուամենայնիվ, իհարկե, հարցն անպատասխան չեմ թողնի: Ընդհանրապես, ամեն երկրի արտաքին գործերի նախարար մեկնաբանություն է անում՝ ելնելով իր երկրի տեսլականից, իր երկրի շահերից և իր պատկերացումներից։ Եվ ըստ ամենայնի, իմ ռուսաստանցի գործընկերը ներկայացրել է Ռուսաստանի Դաշնության տեսլականը։ Ես կարող եմ ներկայացնել Հայաստանի Հանրապետության տեսլականը, որն այս դեպքում տրամագծորեն տարբերվում է Ձեր նշած տեսլականից։ Մենք շահագրգռված ենք Ադրբեջանի հետ շուտափույթ և համակողմանի խաղաղության կնքմամբ՝ բոլոր ուղղություններով, և հարաբերությունների կարգավորմամբ. դա կլինի սահմանազատում, դա կլինի երկաթուղու և մյուս ենթակառուցվածքների ապաշրջափակումը՝ մեզ հայտնի սկզբունքների շրջանակներում, դա կլինի խաղաղության պայմանագիր։ Ես այսօր, մի փոքր ավելի վաղ, առիթ ունեցա այդ մասին մի փոքր ավելի հանգամանալից կերպով խոսելու: Կկրկնեմ. մենք աշխատում ենք ադրբեջանական կողմի հետ պայմանագրի թերևս վերջին 2 չհամաձայնեցված ձևակերպումների, վերջին երկու հոդվածների վրա, և իմ տպավորությունը գոնե այն է, որ մենք մոտ ենք վերջնական լուծմանը և պայմանագրի նախագծի վերջնական համաձայնեցման։

Արձագանք․ Շնորհակալություն, պարո՛ն Միրզոյան, և ևս մեկ հարց՝ կապված COP29 համաժողովի հետ։ Երեկ, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարեց, որ չնայած նրան, որ Հայաստանի Հանրապետությունից որոշ ներկայացուցիչներ փորձել գրանցվել էին COP-ին, բայց ցավալիորեն, «Հայաստանը  չի մասնակցում և նրանց ներկայությունը չենք տեսնում»։ Խնդրում եմ մեկնաբանել, ի՞նչ պատմություն է սա։ 

Պատասխան․ Ես այդ հայտարարությանը ծանոթ եմ, Ադրբեջանի նաև այլ ներկայացուցիչներն են համանման հայտարարություն արել: Ես պետք է ընդգծեմ, որ Հայաստանի Հանրապետության որևէ պաշտոնատար անձ, Բաքվում անցկացվող COP29 միջոցառմանը մասնակցելու համար հայտ չի ներկայացրել, չի գրանցվել։ Չեմ բացառում, որ քաղաքացիական հասարակության ինչ-որ կազմակերպություններ նման բան արած լինեն, թեև ինձ այդ մասին ևս որևէ տեղեկություն հայտնի չէ, բայց եթե դա նկատի ունեն, գիտեք՝ Հայաստանն ազատ, ժողովրդավարական երկիր է, և Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո՛չ ցանկություն ունի, ո՛չ էլ լծակներ՝ ուղղորդելու կամ կառավարելու քաղաքացիական հասարակության կազմակերպություններին։ Շնորհակալ եմ։

Տպել էջը