ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկման Հայաստանի ազգային զեկույցի քննարկումներին

19 նոյեմբերի, 2024

Նոյեմբերի 19-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը  մասնակցել և ելույթով է հանդես եկել ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկման ընթացակարգի շրջանակում ներկայացվող ՀՀ 4-րդ ազգային զեկույցի  քննարկմանը նվիրված հանդիպմանը:

Հանդիպման նպատակն էր  ՀՀ շահագրգիռ նախարարությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ համատեղ անդրադառնալ ՀՊԴ շրջանակում ստանձնած պարտավորությունների իրականացմանը, վեր հանել մարդու իրավունքների ոլորտում ներկա առաջնահերթություններն ու մարտահրավերները:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մշտական համակարգողի ժ/պ Քրիստինե Վայգանդը, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռուստամ Բաքոյանը:

ԱԳ նախարարի տեղակալը, կարևորելով ՀՀ կողմից մարդու իրավունքների ոլորտում իրականացվող քայլերը, շեշտել է, որ նախապատրաստվող ազգային զեկույցը պետք է ներառի վերջին հինգ տարիների ընթացքում արձանագրված բարեփոխումներն ու իրականցված քայլերը:

ԱԳ նախարարի տեղակալն իր խոսքում ընդգծել է, որ համընդհանուր պարբերական դիտարկման ազգային զեկույցի կազմման աշխատանքներում անհրաժեշտ է ճյուղային գերատեսչությունների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ակտիվ ներգրավվածությունն ու համագործակցությունը:

Տպել էջը