Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է Քիմիական զենքի արգելման կոնվենցիային անդամակցող երկրների 29-րդ համաժողովին

29 նոյեմբերի, 2024

Նոյեմբերի 25-29-ը Հաագայում տեղի է ունեցել Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) մասնակից պետությունների համաժողովի 29-րդ նստաշրջանը, որի աշխատանքներին մասնակցում էր Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային անվտանգության վարչության պետ Գեորգի Քոչարյանի գլխավորությամբ:

Գեորգի Քոչարյանը հանդես է եկել ազգային ելույթով, որում վերահաստատել է Հայաստանի վճռական հանձնառությունն ամբողջությամբ բացառելու քիմիական զենքի կամ հարակից վտանգավոր նյութերի կիրառման հնարավորությունը և ընդգծել, որ անդամակցությունից ի վեր Հայաստանը անշեղորեն իրականացնում է Քիմիական զենքի կոնվենցիայի դրույթները:

Ազգային ելույթում ընդգծվել է, որ Քիմիական զենքի կոնվենցիայի կիրարկման շրջանակներում առաջացող տարաձայնությունները պետք է հաղթահարվեն երկխոսության և համագործակցության միջոցով:

Համաժողովի ընթացքում քննարկվել է Կոնվենցիայի իրականացման ընթացքը, առկա մարտահրավերները և առաջիկա քայլերը։

ՀՀ պատվիրակությունն ունեցել է նաև մի շարք երկկողմ հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Տպել էջը