ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Ֆինլանդիայի խորհրդարանի ղեկավար կոմիտեում
29 նոյեմբերի, 2024Ֆինլանդիա աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 29-ին հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի խորհրդարանի (Էդուսկունտա) ղեկավար կոմիտեի նախագահ Հեյկկի Աուտտոյի և անդամների հետ:
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ֆինլանդիայի միջև երկկողմ հարաբերությունների, ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերի շուրջ։
Արարատ Միրզոյանը ներկայացրել է ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ իրականացվող քայլերը՝ ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներին և ընդհանուր ժողովրդավարական արժեքներին համահունչ: Ի թիվս ԵՄ հետ համատեղ կիրառվող գործիքների, ընդգծվել է ԵՄ մշտադիտարկման առաքելության տեսանելի դերը Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանին կայունության ապահովման հարցում։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ներկայիս զարգացումների պայմաններում ժողովրդավարության առաջմղման ճանապարհին հանդիպող մարտահրավերի շուրջ՝ թե այդ հարցում, թե երկկողմ օրակարգի ընդլայնման հարցերում կարևորելով միջխորհրդարանական ակտիվ կապերը։
Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակի համատեքստում նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, այդ թվում՝ սահմանազատման և խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ աշխատանքները։
Նախարար Միրզոյանը պատասխանել է խորհրդարանականներին հետաքրքրող այլ հարցերի։