Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
04 դեկտեմբերի, 2024Դեկտեմբերի 3-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության նորանշանակ դեսպան Բումեդիեն Գեննադին (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպան Գեննադին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով նրան արդյունավետ աշխատանք իր առաքելության ընթացքում: Կարևորելով Հայաստանի և Ալժիրի միջև ավանդական բարեկամական հարաբերությունները՝ Պարույր Հովհաննիսյանը համոզմունք է հայտնել, որ դեսպանն առավելագույն ջանքեր կգործադրի երկու երկրների միջև համագործակցության ամրապնդման և զարգացման ուղղությամբ:
Հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ օրակարգին առնչվող հարցերի՝ երկուստեք կարևորելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ներուժն ընդլայնելու անհրաժեշտությունը:
Հանդիպմանը Պարույր Հովհաննիսյանը զրուցակցին է ներկայացրել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, ինչպես նաև անդրադարձ է կատարել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում հայկական կողմի մոտեցումներին: