Հայաստանի Հանրապետության զեկույցի դիտարկումը ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեի 114-րդ նստաշրջանի ընթացքում

04 դեկտեմբերի, 2024

Դեկտեմբերի 2-ից 3-ը Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը՝ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի գլխավորությամբ, մասնակցել է ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեի 114-րդ նստաշրջանի ընթացքում տեղի ունեցած Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի դրույթների իրականացման վերաբերյալ ՀՀ 12-14-րդ համատեղ պարբերական զեկույցների քննարկմանը:

Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը պատասխանել է Կոմիտեի անդամների կողմից բարձրացված բազմաթիվ հարցերի, ներկայացրել է իրավահավասարության և խտրականության բացառման ուղղությամբ օրենսդրական բարեփոխումների իրականացման ընթացքը, ազգային փոքրամասնությունների կրթական և մշակութային իրավունքների ապահովմանն ուղղված քայլերը, երկրի քաղաքականությունը օտարերկրացիների, միգրանտների, ապաստան հայցողների և տարբեր խոցելի խմբերի նկատմամբ:

Կոմիտեի անդամները տեղեկացվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության կարիքների, մասնավորապես, կայուն կենսապայմանների ստեղծման ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից իրականացվող քայլերի վերաբերյալ:

Հայկական պատվիրակությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության կառավարության հանձնառությունը շարունակել երկրում ժողովրդավարական բարեփոխումները՝ ապահովելով տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների իրականացումը հասարակության բոլոր շերտերի համար:

Տպել էջը