Հայաստանի և նորդիկ-բալթյան երկրների հանդիպում և համատեղ մամուլի հաղորդագրություն

05 դեկտեմբերի, 2024

Դեկտեմբերի 5-ին Վալետայում ԵԱՀԿ նախարարական խորհրդի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել  նորդիկ-բալթյան (NB8) երկրների ԱԳ նախարարների և ներկայացուցիչների հետ։

Այս ձևաչափով համատեղ հանդիպում կայացել է առաջին անգամ՝ Շվեդիայի ընթացիկ նախագահության ներքո։ Հանդիպմանը մասնակցել են Շվեդիայի ԱԳ նախարար Մարիա Ստեներգարդը, Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենը, Լատվիայի ԱԳ նախարար Բայբա Բրաժեն, Նորվեգիայի ԱԳ նախարար Էսպեն Բարթ Էյդենը և ձևաչափում ներգրավված մյուս երկրների ներկայացուցիչները։*

Հանդիպման մեկնարկին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է. «Ես առանձնահատուկ նշանակություն եմ տալիս նորդիկ-բալթյան երկրների հետ համագործակցությանը: Դրա համար շատ հիմնավոր պատճառներ կան: Առաջին պատճառն այն է, որ ես համարում եմ, որ նորդիկ-բալթյան պետություններն են, որոնք հաստատակամորեն կանգնած են ժողովրդավարության արժեքների վրա և ողջ աշխարհում ժողովրդավարության պաշտպանության դիրքերում: Եվ լինելով ժողովրդավարություն, թեև անփորձ, բայց այնուամենայնիվ ժողովրդավարություն, և միաժամանակ լավ հասկանալով մտահոգությունները, սպառնալիքները, մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում համագործակցությանն այս ձևաչափում:

Իհարկե, ես մեծ հույս ունեմ, որ այս համագործակցությունը և այս ձևաչափը Հայաստանին հնարավորություն կտան սովորել, թե ինչպես խթանել և շարունակել արդեն իսկ սկսված ժողովրդավարական բարեփոխումները, և ես կարող եմ ասել, որ մեզ մոտ արդեն կան որոշակի շոշափելի հաջողություններ և արդյունքներ:

Մենք նաև լիահույս ենք, որ դուք կարող եք մեզ օգնել եվրարինտեգրման գործընթացում և Հայաստանին ավելի մոտ բերել Եվրոպական միությանը, քանի որ մենք ժողովրդավարություն ենք, ինչպես արդեն ասացի:

Ես հնարավորություն ունեմ այս հարցերը քննարկել ձեզանից գրեթե բոլորի հետ, քանի որ այցելել եմ ձեր երկրները, և ես շատ ուրախ կլինեմ ընդունելու ձեզ՝ լինի դա երկկողմ այցերի կամ այս՝ համատեղ, ձևաչափի շրջանակում, մեր երկրում՝ Հայաստանում:

Ես ուզում եմ ընդգծել, որ մենք կիսում ենք նույն արժեքները, նաև կա իրավիճակի ընկալում, սպառնալիքների գիտակցում, և կա պատրաստակամություն աջակցելու մեզ, ինչը մենք խորապես գնահատում ենք:»

 

Հանդիպման արդյունքներով հրապարակվել է համատեղ մամուլի հաղորդագրություն, որը ներկայացված է ստորև։

Նորդիկ-բալթյան երկրները վերահաստատեցին հարաբերությունների ամրապնդման հարցում փոխադարձ հետաքրքրվածությունը և ամուր աջակցություն հայտնեցին Հայաստանի՝ ԵՄ-ի և նրա եվրոպական գործընկերների հետ կապերը խորացնելու ձգտմանը։

Հայաստանը կիսում է այն ժողովրդավարական արժեքները և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը, որոնք դրված են նորդիկ-բալթյան և եվրոպական համայնքների հիմքում։ Նորդիկ-Բալթյան երկրները բարձր են գնահատում Հայաստանի նվիրվածությունը ժողովրդավարական բարեփոխումներին և շարունակելու են աջակցել Հայաստանի բարեփոխումների ջանքերին։

ԵՄ-ում նորդիկ-բալթյան երկրներն ակնկալում են Հայաստանի և ԵՄ-ի միջև նոր և հավակնոտ Գործընկերության օրակարգի ընդունումը՝ Եվրոպական խորհրդի 2023 թվականի հոկտեմբերի՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունները բոլոր ուղղություններով ամրապնդելու վերաբերյալ եզրակացություններին համահունչ։ Նորդիկ-բալթյան երկրները ճանաչում են ԵԱՀԿ-ի հանձնառությունը՝ շարունակելու համագործակցությունը Հայաստանի հետ անվտանգության բոլոր երեք հարթակներում։

Նորդիկ-բալթյան երկրներն աջակցում են Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու ջանքերին՝ հիմնված ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ փոխադարձ հարգանքի վրա՝ համաձայն 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի, և ողջունում են նախաձեռնությունները, այդ թվում՝ «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, որը նպատակ ունի խթանելու տարածաշրջանային կապերն ու տնտեսական համագործակցությունը։

* Նորդիկ-Բալթյան (NB8) երկրների ձևաչափում ներգրավված են Շվեդիան, Ֆինլանդիան, Իսլանդիան, Էստոնիան, Լիտվան, Լատվիան, Դանիան և Նորվեգիան։

Տպել էջը