ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարի հանդիպումը Հունգարիայի վարչապետի աշխատակազմի Հալածված քրիստոնյաների օգնության և «Հունգարիան օգնում է» ծրագրի գծով պետքարտուղարի հետ
13 դեկտեմբերի, 2024Դեկտեմբերի 13-ին Բուդապեշտում ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպել է Հունգարիայի վարչապետի աշխատակազմի Հալածված քրիստոնյաների օգնության և «Հունգարիան օգնում է» ծրագրի գծով պետքարտուղար Տրիստան Ազբեյի հետ։
Գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ երկու ժողովուրդները կապված են ընդհանուր դարավոր պատմությամբ, մշակութային և հոգևոր արժեքներով և կարևորել է Հունգարիայում հայ համայնքի դերը, որը պահպանելով իր էթնիկ և կրոնական ինքնությունը, մշտապես վայելում է հունգարական կողմի աջակցությունը:
Դավիթ Կարապետյանը նշել է հումանիտար և կրթամշակութային ոլորտներում առկա համագործակցության արդյունավետությունը։
Կողմերը անդրադարձել են նաև ռեզիդենտ դեսպանություններ բացելու վերաբերյալ երկուստեք որոշմանը՝ կարևորելով այդ քայլը երկկողմ հարաբերությունների հետագա խորացման համատեքստում։