ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել է «Ազատություն առցանց կոալիցիայի» բարձրաստիճան միջոցառմանը

25 փետրվարի, 2025

Փետրվարի 25-ին Ժնևում` ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և խոսքով է հանդես  եկել «Ազատություն առցանց կոալիցիայի» «Միացրեք համացանցը. համացանցի անջատումների ազդեցությունը» խորագրով բարձրաստիճան միջոցառմանը։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր խոսքում անդրադարձել է թվային տեխնոլոգիաների ընդլայնմանը, ինչը ստեղծում է նոր մարտահրավերներ, որոնք հաղթահարելու համար անհրաժեշտ են ոչ ավանդական լուծումներ և միջազգային սերտ համագործակցություն: 

Նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկաների ուշադրությունն է հրավիրել Հայաստանում խոսքի ազատության և մարդու իրավունքների պաշտպանության բարձր ցուցանիշներին և այս ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:

ԱԳ նախարարի տեղակալը մասնակցիներին ներկայացրել է ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդում թվային տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող աշխատանքները: Այս համատեքստում առանձնանշվել է Մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանի և Էստոնիայի կողմից նախաձռնված համատեղ հայտարարությունը՝ թվային տեխնոլոգիաների և կանանց ու աղջիկների իրավունքների վերաբերյալ: 

***

Ի գիտություն. Հայաստանի Հանրապետությունը միացել է «Ազատություն առցանց կոալիցիային» 2024թ. դեկտեմբերի 3-ին:

Տպել էջը