Նիդերլանդների ԱԳ նախարարի պաշտոնական այցը Հայաստան
12 մարտի, 2025Մարտի 12-ին ՀՀ ԱԳՆ-ում կայացել է նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը պաշտոնական այցով Երևանում գտնվող Նիդերլանդների ԱԳ նախարար Կասպար Վելդկամպի հետ: Նախարարները քննարկում են ունեցել նախ առանձնազրույցի ձևաչափով, ապա ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ:
Հանդիպման արդյունքներով նախարարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով:
Արարատ Միրզոյան և Կասպար Վելդկամպը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների միջև ռազմավարական գործընկերության մասին» համատեղ հռչակագիրը:
Նիդերլանդների ԱԳ նախարար Կասպար Վելդկամպի՝ Հայաստան պաշտոնական այցի շրջանակներում տեղի է ունեցել ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանության պաշտոնական բացման արարողությունը։
Միջոցառմանն իր խոսքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է. «Պետք է արձանագրենք, որ մենք այսօր հպարտ լինելու արդեն երեք առիթ ունենք. առաջինն, իհարկե, իմ սիրելի գործընկերոջ այցն է, երկրորդը՝ հնարավորությունը, որ մենք ունեցանք ստորագրելու և ազդարարելու մեր երկու երկրների միջև ռազմավարական համագործակցության փաստաթուղթը, և երրորդը՝ այս հրաշալի առիթը՝ վերջապես միասին մասնակցելու Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության ռեզիդենտ դեսպանության բացմանը:
Ես ուզում եմ արձանագրենք և գիտակցենք, որ դեսպանությունն, ինչպես և օրինակ, ռազմավարական փաստաթղթի ստորագրումն իրականում շատ մեծ նշան և վկայություն է այն ընկերության, բարեկամության և գործընկերության, որը մենք արդեն ունենք երկու երկրների միջև, և որոնք պատրաստվում ենք խորացնել»։