ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղարի հանդիպումը Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համագործակցության և զարգացման գրասենյակի մշտական քարտուղարի հետ

14 մարտի, 2025

Մարտի 14-ին աշխատանքային այցով Մեծ Բրիտանիայում գտնվող ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համագործակցության և զարգացման գրասենյակի մշտական քարտուղար Օլիվեր Ռոբբինսի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Միացյալ Թագավորություն երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ՝ ընդգծելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում երկու երկրների նախարարությունների միջև համագործակցության կարևորությունը:

Դավիթ Կարապետյանն ու Օլիվեր Ռոբբինսը մտքեր են փոխանակել երկու երկրների դիվանագիտական դպրոցների միջև համագործակցության շուրջ։

Գլխավոր քարտուղարը զրուցակցին է ներկայացրել տարածաշրջանում կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցերը` ընդգծելով երկխոսության և փոխադարձ վստահության անհրաժեշտությունը։

Տպել էջը