Հայաստանում մեկնարկում են Ֆրանկոֆոնիայի ավանդական երկամսյակի միջոցառումները
14 մարտի, 2025Մարտի 14-ին Արտաշատ քաղաքում՝ Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, տեղի է ունեցել Հայաստանում Ֆրանկոֆոնիայի ավանդական երկամսյակի մեկնարկի հանդիսավոր միջոցառումը, որի շրջանակներում ցուցադրվել է «Մանուշյան...» թատերական ներկայացումը: Միջոցառումը կազմակերպվել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության և կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարության համատեղ նախաձեռնությամբ:
Միջոցառման բացման արարողությանը ելույթներով հանդես են եկել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Հայաստանում ֆրանկոֆոն պետությունների դեսպանների խմբի նախագահ, ՀՀ-ում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանցը:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն իր ելույթում նշել է, որ Հայաստանի ամբողջ տարածքում, ձևավորված երկարամյա ավանդույթի համաձայն, տեղի են ունենալու հարյուրավոր միջոցառումներ՝ Հայաստանի ֆրանկոֆոն դերակատարների, պետական գերատեսչությունների և Հայաստանում հավատարմագրված ֆրանկոֆոն պետությունների դեսպանությունների մասնակցությամբ: ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է, որ երկամսյակի մեկնարկն Արտաշատում իրականացնելու հանգամանքը խորհրդանշական է և վկայում է Հայաստանի մարզերում ֆրանսախոսության տարածման մասին:
Ռոբերտ Աբիսողոմոնյանը շեշտել է, որ Ֆրանկոֆոնիայի օրերի այս բացառիկ տոնն այն միջմշակութային կապի ուժն է, որը միավորում է Հայաստանը ֆրանսախոս միջազգային հանրության հետ՝ երկխոսության, խաղաղության և ստեղծագործ զարգացման արժեքների շուրջ։ Այդ ճանապարհի տրամաբանական շարունակությունն են լինելու Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերը, որոնք հյուրընկալելու է Հայաստանը 2027թ. ամռանը՝ մեկ վայրում համախմբելով ամբողջ ֆրանսախոս աշխարհի երիտասարդությանը:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր խոսքում նաև անդրադարձել է օրվա գլխավոր մշակութային իրադարձությանը՝ «Մանուշյան...» ներկայացմանը, որը նվիրված է ֆրանսիական դիմադրության հերոս Միսաք Մանուշյանին: ԱԳ նախարարի տեղակալը, մասնավորապես, ընդգծել է. «Միսաք Մանուշյանը՝ լինելով գրականության և խաղաղության մարդ, աննկուն պայքար է մղել հանուն ազատության ու մարդկային արժանապատվության: Նրա սխրանքը պարունակում է համընդհանուր եղբայրության ուղերձ՝ ի ցույց դնելով, որ համընդհանուր արժեքների պաշտպանությունը վեր է ծագումից ու հակամարտություններից, և որ յուրաքանչյուրն իր ներդրումը պետք է ունենա համերաշխության և մարդկային արժանապատվության վրա հիմնված աշխարհի կառուցման գործում»։