ՀՀ ԱԳ գլխավոր քարտուղարի մասնակցությունը «Ի՞նչ է ակնկալվում 2025 թվականից բազմակողմ հարաբերությունների բնույթի և արդյունավետության առնչությամբ՝ աշխարհաքաղաքական առճակատման ուժգնացման ֆոնին» քննարկմանը

19 մարտի, 2025

Մարտի 19-ին ՀՀ ԱԳ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը «Ռաիսինա երկխոսություն 2025» համաժողովի շրջանակներում մասնակցել է «Ի՞նչ է ակնկալվում 2025 թվականից բազմակողմ հարաբերությունների բնույթի և արդյունավետության առնչությամբ՝ աշխարհաքաղաքական առճակատման ուժգնացման ֆոնին» քննարկմանը:

Դավիթ Կարապետյանն իր ելույթում անդրադարձել է Միավորված Ազգերի կազմակերպության դերին՝ նշելով, որ այն պետք է հանդիսանա որպես արդյունավետ կառույց, որը կարող է կանխել կոնֆլիկտները և ժամանակին արձագանքել դրանց։ Նա ընդգծել է, որ միջազգային կազմակերպությունները պետք է ունենան անհրաժեշտ գործիքակազմ՝ միջազգային խաղաղությանը և անվտանգությանը սպառնացող վտանգները հայտնաբերելու և կանխելու համար։ Այս համատեքստում կարևորվել է նախորդ տարի ընդունված «Հանուն ապագայի դաշնագիրը»՝ որպես առանցքային քայլ բազմակողմանիության վերականգնման գործում:

Անդրադառնալով «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին՝ ՀՀ ԱԳ գլխավոր քարտուղարը շեշտել է, որ Հայաստանը պատրաստ է աշխատելու Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղություն հաստատելու ուղղությամբ։ Այս առումով առանձնահատուկ է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը նպատակ ունի երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո ապաշրջափակել տարածաշրջանային բոլոր կապուղիները և ստեղծել վստահության ամրապնդման մեխանիզմներ՝ տարածաշրջանում լարվածության նվազեցման համար:

Գլխավոր քարտուղարը նաև ներկայացրել է մայիսի 26-ից 27-ը Երևանում կայանալիք «Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային համաժողովը և վերջինիս շրջանակներում քննարկվելիք թեմաները։

Տպել էջը