ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը Բրազիլի ԱԳ նախարար Մաուրո Վիեյրայի հետ

20 մարտի, 2025

Մարտի 10-ին Բրազիլիայում կայացել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Բրազիլի ԱԳ նախարար Մաուրո Վիեյրայի առանձնազրույցը: Նախարարները քննարկումը շարունակել են ընդլայնված կազմով՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ։

Արարատ Միրզոյանը և Մաուրո Վիեյրան հանգամանալից քննարկել են երկկողմ օրակարգի ընդլայնմանը, քաղաքական երկխոսության խորացմանն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցության զարգացմանը միտված բոլոր հարցերն ու նախաձեռնությունները: 

Հայաստանի և Բրազիլի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել  համագործակցության ընդլայնման կոնկրետ հնարավորությունների շուրջ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տնտեսությունը, առևտուրը, կրթությունը, նորարարությունները, բարձր տեխնոլոգիաներն ու էներգետիկան: Երկուստեք ընդգծվել է ներդրումների և գործարար կապերի խթանման ուղղությամբ լրացուցիչ համատեղ ջանքերի գործադրման հարցում մեծ պատրաստակամությունը: Նախանշվել են առաջիկա անելիքները՝ երկու երկրների համապատասխան գերատեսչությունների և գործակալությունների մասնակցությամբ:

Նախարարները մտքեր են փոխանակել միջազգային օրակարգի հարցերի շուրջ՝ անդրադարձ կատարելով տարբեր հարթակներում արդեն, իսկ ձևավորված ակտիվ փոխգործակցության հարցերի:

Տարածաշրջանային թեմաների համատեքստում նախարար Միրզոյանը մանրամասն ներկայացրել է Հարավային Կովկասում խաղաղության կառուցման ՀՀ տեսլականը, այդ նպատակով գործադրված ջանքերը, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի նախագծի մշակման, համաձայնցման ուղղությամբ: Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է  համաձայնեցված տեքստով համաձայնագրի ստորագրմանը, ինչը լավ հիմք կարող է հանդիսանալ տարածաշրջանում կայունության և համապարփակ խաղաղության համար:

Արարատ Միրզոյանն ու Մաուրո Վիեյրան ստորագրել են Հայաստանի դիվանագիտական դպրոցի և Բրազիլի Ռիո Բրանկո ինստիտուտի միջև փոխըմբռնման հուշագիրը:

Հանդիպման արդյունքներով նախարարները հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով

Այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է մայրաքաղաք Բրազիլիայի հիմնադիր, 21-րդ նախագահ Ջոսելինո Կուբիշեկին նվիրված հուշահամալիր: Նախարար Միրզոյանը գրառում է կատարել պատվավոր հյուրերի մատյանում:

 
Տպել էջը