Իրանի ԱԳ նախարարի պաշտոնական այցը Հայաստան
25 մարտի, 2025Մարտի 25-ին ՀՀ ԱԳՆ-ում կայացել է նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը պաշտոնական այցով Երևանում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։ Նախարարները քննարկում են ունեցել նախ առանձնազրույցի ձևաչափով, ապա ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ։
Հանդիպման արդյունքներով նախարարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով:
Այցի շրջանակներում ՀՀ ԱԳՆ-ում կայացել է ԻԻՀ ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի «Բանակցության ուժը» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը։
Միջոցառմանն իր խոսքում ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը նշել է. «Ուրախ եմ, որ այսօր ՀՀ ԱԳ նախարարությունում տեղի է ունենում ԻԻՀ ԱԳ նախարար, իմ գործընկեր և լավ բարեկամ Աբբաս Արաղչիի՝ «Բանակցության ուժը. քաղաքական և դիվանագիտական բանակցությունների սկզբունքներն ու կանոնները» գրքի շնորհանդեսը:
Իսկապես, այս պատերի ներսում, այս գրքի շնորհանդեսը պատահական չէ։ Սա ևս մեկ ապացույց է Հայաստան-Իրան փոխըմբռնման, բանակցության ուժի իմաստավորման, և, իհարկե, անխախտ բարեկամության: Մեր երկու երկրները, ապրելով իսկապես բարդ տարածաշրջանում, անցնելով պատմության տարբեր հորձանուտների միջով՝ առանձնակի կարևորություն են հաղորդում դիվանագիտությանը՝ այն համարելով անվտանգության և կայունության ապահովման կարևորագույն գործիք:
Նախարար Արաղչիի գիրքը կրկին փաստում է, որ միջազգային և տարածաշրջանային բնույթի հարցերի կարգավորման արդյունավետ բանաձևը դիվանագիտությունն է, և ես լիովին կիսում եմ այս մոտեցումը։
Դոկտոր Արաղչին իր գրքում նշում է. «Դիվանագիտությունը խաղ չէ, որտեղ պարտադիր պետք է հաղթել, այն գործընթաց է, որտեղ պարտադիր պետք է հասկանալ դիմացինին»։ Կարծում եմ սա առանցքային, հիմնարար դրույթ է, առանց որի գիտակցման հնարավոր չէ դիվանագիտական լուծումներ ակնկալել և փնտրել:
Այս աշխատությունը ոչ միայն նկարագրում է բանակցային գործընթացի տեխնիկական մանրամասները, այլև վերլուծում է դիվանագիտության հոգեբանական, քաղաքական, ազգային, մշակութային շերտերը։ Հեղինակը կարծես բացում է դուռը և ներս է ուղեկցում բանակցային դռներից այն կողմ ընթերցողին՝ ծանոթացնում է բանակցությունների ընթացքին, նրբություններին, մատնանշում է յուրաքանչյուր բառի կարևորությունը և նաև չարտաբերած խոսքի արժեքը:
Ես ուրախությամբ պետք է նշեմ, որ գրքի հայերեն թարգմանությունը հնարավորություն կտա նաև հայ երիտասարդներին և հայ դիվանագետներին ընդլայնել բանակցային հմտությունների վերաբերյալ իրենց գիտելիքները, և ընդհանրապես կդառնա աշխատանքային ձեռնարկ բոլոր նրանց համար, ովքեր գերադասում են փոխըմբռնումը և համերաշխությունը վեճերից։
Նախարար Արաղչիին մաղթում եմ ստեղծագործական նոր հաջողություններ: Շնորհավորում եմ»:
Նշենք, որ գրքի նախաբանը գրել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: