Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Չեռնոգորիայի արտաքին գործերի նախարարությունների միջև
27 մարտի, 2025Մարտի 27-ին Երևանում Հայաստանի և Չեռնոգորիայի արտաքին գործերի նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Չեռնոգորիայի ԱԳՆ պետքարտուղար Պերիշա Կաստրատովիչի գլխավորությամբ:
Խորհրդակցությունների ընթացքում կողմերն անդրադարձել են վերջին տարիներին երկկողմ հարաբերություններում զարգացման դրական դինամիկային, բարձրաստիճան շփումներին՝ ընդգծելով դրանց կարևորությունը քաղաքական երկխոսության խթանման և տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները բացահայտելու գործում։
Կողմերը կարևորել են հարաբերությունների հետևողական զարգացումն ու խորացումը խորհրդարանական դիվանագիտության, կրթության, զբոսաշրջության, նորարարական տեխնոլոգիաների, ապակենտրոնացված համագործակցության և այլ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում՝ ընդգծելով իրավապայմանագրային դաշտի ընդլայնման և բազմակողմ հարթակներում փոխգործակցության ծավալման հրամայականը:
Մտքեր են փոխանակվել եվրոպական ինտեգրման փորձի ուսումնասիրման և փոխանակման կարևորության վերաբերյալ:
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերին։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է Չեռնոգորիայի ԱԳ նախարարության կողմից «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի տեքստի վերջնական փոխհամաձայնեցման ողջունումը: Վահան Կոստանյանը տեղեկացրել է, որ հայկական կողմն Ադրբեջանին առաջարկել է անցկացնել խորհրդակցություններ համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը չեռնոգորական կողմին է ներկայացրել նաև ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: