ՀՀ ԱԳ նախարարի այցը «Աստանա» միջազգային ֆինանսական կենտրոն և «Աստանա հաբ»
27 մարտի, 2025Ղազախստան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է «Աստանա» միջազգային ֆինանսական կենտրոն:
Նախարար Միրզոյանը ծանոթացել է կենտրոնի գործունեությանը, միջազգային ընկերությունների ներգրավվածության համար ստեղծված պայմաններին և ներդրումային միջավայրին։ Անդրադարձ է կատարվել նաև կենտրոնում ներդրված՝ միջազգային ընկերությունների համար հասանելի վեճերի կարգավորման մեխանիզմին, դրա հիմքում դրված իրավական համակարգին։
Նախարար Միրզոյանին ներկայացվել է նաև կենտրոնի մաս հանդիսացող «AIFC Expat» կենտրոնի գործունեությունը, որը նորարարական լուծումներով «մեկ պատուհան» սկզբունքով ապահովում է Ղազախստան ժամանող օտարերկրացիներին անհրաժեշտ ծառայությունների մատուցումը։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է նաև «Աստանա հաբ» միջազգային կենտրոն, որը հանդիսանում է Կենտրոնական Ասիայում ամենամեծ տեխնոլոգիական կենտրոնը։
Նախարար Միրզոյանը ծանոթացել է կենտրոնի գործունեությանը, իրականացվող նորարարական ծրագրերին, այդ թվում՝ առողջապահական ոլորտում արհեստական բանականության ներդրման ուղղությամբ իրականացվող հետազոտություններին և առկա փորձին։
Անդրադարձ է կատարվել նորարարական կրթության ոլորտում Հայաստանի ու Ղազախստանի միջև համագործակցության զարգացման հնարավորություններին՝ հաշվի առնելով երկու երկրների կառավարությունների կողմից այս ուղղությանը ցուցաբերվող մեծ ուշադրությունը։ Այս համատեքստում նախարար Միրզոյանը ծանոթացել է կենտրոնում գործող «Ապագայի դպրոցին», ինչպես նաև առաջիկայում «ԹՈՒՄՈ» հայկական կենտրոնի մասնաճյուղի բացմանը, որի շուրջ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել ՀՀ նախագահի՝ 2024 թ. հոկտեմբերին Աստանա այցի շրջանակներում ստորագրված փոխըմբռնման հուշագրով։