ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Սամվել Մկրտչյանն ընդունել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման հարցերով ԵՄ փորձագիտական երկրորդ առաքելությանը

11 ապրիլի, 2025

Ապրիլի 11-ին ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Սամվել Մկրտչյանն ընդունել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության շրջանակներում Հայաստան ժամանած ԵՄ փորձագիտական երկրորդ առաքելության պատվիրակությանը։ Հանդիպմանը հայկական կողմից մասնակցել են ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի, մարդու իրավունքների և հումանիտար հարցերի, միջազգային պայմանագրերի և իրավունքի, հյուպատոսական վարչությունների և ՀՀ ներքին գործերի նախարարության ներկայացուցիչներ: ԵՄ փորձագիտական առաքելության կազմում էին՝ ԵՄ անդամ երկրների ոլորտային փորձագետներ, Եվրոպական հանձնաժողովի, Արտաքին գործերի եվրոպական ծառայության և Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու հիմնարար իրավունքներին և այդ ոլորտում միջազգային համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: ԵՄ փորձագիտական առաքելության պատվիրակության ներկայացուցիչները տեղեկացրել են այցի շրջանակներում կազմակերպված հանցավորության, ապօրինի գույքի բռնագանձման, կոռուպցիայի և ֆինանսական հանցագործությունների կանխարգելման ու դրանց դեմ պայքարին առնչվող հարցերի շուրջ ՀՀ շահագրգիռ գերատեսչությունների հետ ունեցած քննարկումների վերաբերյալ:

Այցի նպատակը Հայաստանի պատրաստվածության ընդհանուր գնահատումն է՝ ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության գործողությունների ծրագրի համապատասխան հենանիշների մշակման նպատակով:

Տպել էջը