Հայաստանի և Սլովենիայի ԱԳ նախարարների հանդիպումը
16 ապրիլի, 2025Ապրիլի 16-ին ՀՀ ԱԳՆ-ում կայացել է նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը պաշտոնական այցով Երևանում գտնվող Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին ու եվրոպական հարցերի նախարար Տանյա Ֆայոնի հետ: Նախարարները քննարկում են ունեցել նախ առանձնազրույցի ձևաչափով, ապա ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ:
Ընդլայնված կազմով հանդիպմանը նախարար Միրզոյանը նշել է.
- «Տիկի՛ն նախարար, սիրելի՛ գործընկերներ, բարի լույս և բարի գալուստ Հայաստան։ Մեծագույն հաճույք է Ձեզ հյուրընկալել այստեղ՝ Հայաստանում։ Մենք հաճախ հանդիպում ենք միջազգային տարբեր հարթակներում և առիթ ենք ունենում մտքեր փոխանակելու։ Սակայն, կարծում եմ՝ Դուք ևս կհամաձայնեք՝ երկկողմ այցելություններն ավելի լայն հնարավորություն են ընձեռում՝ մի փոքր ավելի խորանալու և քննարկելու երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգերը, ինչպես նաև նոր խթան հաղորդելու մեր համագործակցությանը։ Ուրախ եմ Ձեզ այստեղ հյուրընկալելու և ողջունելու համար»։
Իր հերթին Տանյա Ֆայոնն ընդգծել է.
- «Շատ շնորհակալ եմ։ Շնորհակալություն եմ հայտնում նաև Ձեր երկրում ցուցաբերած հիանալի հյուրընկալության համար։ Սա իմ առաջին պաշտոնական այցն է Հայաստան։ Ինչպես Դուք նշեցիք, մեր պարբերական հանդիպումները հնարավորություն են տալիս բաց և անկեղծ երկխոսության՝ թե՛ երկկողմ օրակարգի, թե՛ մեր առջև ծառացած ընդհանուր մարտահրավերների շուրջ։ Պետք է նշեմ, որ մեր և մեր երկու երկրների միջև ձևավորվել է շատ ջերմ բարեկամություն։ Հուսով եմ, որ այսօրվա և երեկվա հանդիպումներից հետո մենք կունենանք հնարավորություն խոսելու մեր երկու երկրների միջև համագործակցության հետագա խորացման մասին՝ հատկապես այսօրվա աշխարհի չափազանց բարդ աշխարհաքաղաքական համատեքստում։ Կրկին շնորհակալություն եմ հայտնում այս հնարավորության համար և անհամբեր սպասում եմ մեր այսօրվա քննարկմանը»:
Հանդիպման արդյունքներով նախարարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով:
Այցի շրջանակներում նախարար Ֆայոնը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Սլովենիայի բարձրաստիճան պաշտոնյան հարգանքի տուրք է մատուցել զոհերի հիշատակին, շրջել հուշահամալիրի թանգարանում և գրառում կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում: