Տեղի է ունեցել ՄԱԿ Համընդհանուր պարբերական դիտարկման 4-րդ շրջանի ՀՀ ազգային զեկույցի շնորհանդեսը

18 ապրիլի, 2025

Ապրիլի 18-ին՝ Հայաստանի Հանրապետության Համըդնհանուր պարբերական դիտարկման ընթացակարգին ընդառաջ, տեղի է ունեցել 4-րդ շրջանի ՀՀ ազգային զեկույցի շնորհանդեսը:

Բացման խոսքով հանդես են եկել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը:

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ գերատեսչությունների ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ,  քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

Հանդիպման առաջին հատվածում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է Համընդհանուր պարբերական դիտարկման 4-րդ շրջանի ՀՀ ազգային զեկույցը՝ հանգամանորեն անդրադառնալով Հայաստանում մարդու իրավունքների ամրապնդմանն ուղղված քայլերին:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձ է կատարել հաշվետու ժամանակահատվածում Հայաստանում իրականացված իրավական և ինստիտուցիոնալ բարեփոխումներին՝ կարևորելով, ի թիվս այլոց՝ խոցելի խմբերի պաշտպանությունը, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների իրավունքների ապահովումը, կառուպցիայի դեմ պայքարը, խտրականության բացառումը: Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկաների ուշադրությանն է ներկայացրել նաև այն մարտահրավերները, որոնց բախվում է Հայաստանն իր միջազգային պարտավորություններն իրականացնելիս:

Հանդիպման երկրորդ հատվածում ՀՀ ԱԳ նախարարության մարդու իրավունքների և հումանիտար հարցերի վարչության պետ Կարինե Սուջայանը ներկայացրել է Հայաստանի նոր նախաձեռնությունը՝ Մարդու իրավունքների ոլորտում միջազգային հաշվետվողականության ամրապնդման ազգային մեխանիզմը:

Անդրադառնալով մեխանիզմի առավելություններին՝ ընդգծվել է, որ այն ուղղված է ՀՀ կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների իրականացման, սահմանված ժամկետներում մոնիթորինգային մարմիններին ներկայացվող զեկույցների նախապատրաստման ու պետությանը տրված հանձնարարականների հետագա ընթացքի ապահովման արդյունավետության բարձրացմանը: Շեշտվել է, որ այս Մեխանիզմի արդյունավետ կիրառման պարագայում, այն կարող է դառնալ մարդու իրավունքների պաշտպանության ազգային համակարգի բաղկացուցիչ մաս՝ փոխկապակցելով մարդու իրավունքների միջազգային և տարածաշրջանային նորմերն ազգային առաջնահերթությունների հետ:

***

Ծանոթագրություն. Համընդհանուր պարբերական դիտարկումը 2006թ. ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից ստեղծված ընթացակարգ է, որի համաձայն ՄԱԿ-ի 193 անդամ-պետություններ 4.5 - 5 տարին մեկ անգամ ներկայացնում են մարդու իրավունքների վերաբերյալ ձեռնարկված քայլերը: Հայաստանի Հանրապետության ՀՊԴ երրորդ շրջանի զեկույցի քննարկումը տեղի է ունեցել 2020թ., որի շրջանակներում Հայաստանը ստացել է 252 հանձնարարական, որոնցից 239-ը ընդունվել է:

2025թ. մայիսի 1-ին նշյալ ընթացակարգի շրջանակներում ՀՀ պատվիրակությունը Ժնևում ներկայացնելու է մարդու իրավունքների ոլորտում 2020թ. ի վեր Հայաստանի ձեռնարկած քայլերը, ձեռքբերված առաջընթացն ու առկա խնդիրները:

Տպել էջը