Կոմիտասի թանգարան-իստիտուտում կայացած մշակութային միջոցառման վերաբերյալ

22 ապրիլի, 2025

Ապրիլի 22-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների համար նախաձեռնված մշակութային դիվանագիտության հերթական միջոցառումը։ Ողջույնի խոսքերով հանդես են եկել ՀՀ ԱԳ նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության պետ Հակոբ Սարգսյանը և Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Լուսինե Սահակյանը: 

Իր ելույթում Հակոբ Սարգսյանը ընդգծել է միջմշակութային շփումների կարևորությունը՝ շնորհակալություն հայտնելով Կոմիտասի թանգարան-ինստիտուտին ընդունելության և միջոցառման կազմակերպմանը աջակցության համար՝ նշելով թանգարանի կարևոր դերը Կոմիտասի ստեղծագործական ժառանգության պահպանման գործում։

Օգտվելով ստեղծված հնարավորությունից՝ Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպան Նորա Արիսյանը Կոմիտասի թանգարան-ինստիտուտին նվիրել է Կոմիտասի վերաբերյալ հոդվածների ժողովածուի իր կողմից արաբերեն թարգմանված գիրքը:

Միջոցառման շրջանակներում երաժշտական ծրագրով հանդես է եկել «Գեղարդ» երգեցիկ խումբը, որը ներկայացրել է Կոմիտասի ստեղծագործություններից ընտրված կատարումներ։

Տպել էջը