Տրանսպորտային միջոցները հաշվառելու և հաշվառումից հանելու կարգ
Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված (ռեզիդենտ) օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններին, դիվանագիտական կարգավիճակ ունեցող միջազգային կազմակերպություններին և հյուպատոսական հիմնարկներին (այսուհետ` դիվանագիտական ներկայացուցչություն) պատկանող տրանսպորտային միջոցները հաշվառվում են ներկայացուցչությունների անվանմամբ և հաշվառումից հանվում ՀՀ ոստիկանության կողմից՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության հայտի հիման վրա:
Դիվանագիտական գործակալներին պատկանող տրանսպորտային միջոցները հաշվառվում, վերահաշվառվում և հաշվառումից հանվում են ՀՀ արտաքին գործերի նախարարության հայտի հիման վրա, իսկ դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների անձնակազմերի այլ անդամներին պատկանող տրանսպորտային միջոցները՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության հայտի հիման վրա՝ փոխադարձության սկզբունքով:
Տրանսպորտային միջոցը հաշվառելու դեպքում դիվանագիտական ներկայացուցչությունը հայտագրով դիմում է ՀՀ արտաքին գործերի նախարարություն, ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը՝
- տրանսպորտային միջոցի հաշվառման հայտ երեք օրինակից,
- մաքսային հայտարարագրի կամ առքուվաճառքի պայմանագրի պատճենը երեք օրինակից,
- ներկայացուցչության անձնակազմի անդամի տրանսպորտային միջոցի հաշվառման դեպքում ԱԳՆ-ի կողմից տրված վկայականի պատճենը երեք օրինակից:
Տրանսպորտային միջոցը հաշվառումից հանելու դեպքում դիվանագիտական ներկայացուցչությունը հայտագրով դիմում է ՀՀ արտաքին գործերի նախարարություն, ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը՝
- տրանսպորտային միջոցը հաշվառումից հանելու հայտ երեք օրինակից,
- տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագրի պատճենը,
- տ/մ հաշվառումից հանելու հիմքը երեք օրինակից (առքուվաճառքի կամ նվիրատվության պայմանագիր, արտահանման դեպքում՝ մաքսային մարմինների թույլտվություն և այլն),
- ներկայացուցչության անձնակազմի անդամի տրանսպորտային միջոցը հաշվառումից հանելու դեպքում ԱԳՆ-ի կողմից տրված վկայականի պատճենը երեք օրինակից:
Տրանսպորտային միջոցի հաշվառումը և հաշվառումից հանելը վերջնականապես իրականացնում է ՀՀ ոստիկանությունը (Երևան, Գաջեգործների 76, հեռախոս՝ 43-02-95/96/98):