ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի ելույթը ՅՈՒՆԷՍԿՕ-ի

01 հոկտեմբերի, 2003

Պարոն նախագահ, 
Պարոն Գլխավոր տնօրեն, 
Տիկնայք եւ պարոնայք,

Ընդունեք իմ շնորհավորանքները, պարոն նախագահ, ձեր ընտրության կապակցությամբ: Մենք ձեզ հաջողություն ենք ցանկանում այս կարեւոր գործում:

Ես նաեւ ցանկանում եմ ողջունել ԱՄՆ-ի պատվիրակությանն այստեղ: Նրանց վերադարձն ավելի է ամրապնդում այն հանգամանքը, որ այս կազմակերպությունը մարմնավորում է միջազգային կամքը` աջակցելու կամ դատապարտելու այն պետական քաղաքականությունը, որը նպատակ ունի ազդել հասարակության մշակութային ու գիտական զարգացումների վրա: Հայաստանն ամբողջովին պաշտպանում է ՅՈՒՆԷՍԿՕ-ի կարեւորությունը որպես այնպիսի արժեքների պահապանի, որոնք «իմը» կամ «քոնը» չեն, այլ «մերն են», այն մշակութային արժեքների, որոնք իրավամբ համաշխարհային են եւ ընդհանուր, նրանց, որոնք ոչ միայն ազգային, այլեւ միջազգային ուշադրության են արժանի: Ինչ կպատահի մեր աշխարհին, եթե ահաբեկչության, բռնությունների, սովի ու աղքատության չարիքները մեր ընդհանուր ուշադրությունը գրավեն՝ զրկելով մշակույթի, կրթության ու գիտության խորքայնությունից, ընդգրկունությունից, մնայունությունից ու ազդեցիկությունից:

Հայաստանը հպարտ է, որ 1996թ.-ից ի վեր անդամակցում է Աշխարհի մշակութային ու բնական ժառանգության պահպանության մասին կոնվենցիային: Այս տարիների ընթացքում երեք հիասքանչ հայկական միջնադարյան վանական համալիրներ են ընդգրկվել Համաշխարհային ժառանգության ցուցակում: Մյուս վանքի՝ Նորավանքի հայտը նույնպես ներկայացվել է Համաշխարհային ժառանգության հանձնաժողովին: Ավելին, Ռյաթազայի ձիակերպ գերեզմանատան հայտը, որը պատկանում է Հայաստանում բնակվող ոչ քրիստոնեա եզդի փոքրամասնությանը, նույնպես ներկայացվել է: Իրենց հերթին են սպասում Մետաքսի մեծ ճանապարհի վրա գտնվող հայկական տեսարժան վայրերն ու Երեւան քաղաքի սքանչելի Կապույտ մզկիթը, որը վերջերս վերականգնվեց Իրանի առատաձեռն օժանդակությամբ:

Այսպիսով, ՅՈՒՆԷՍԿՕ-ի համընդհանուր հռչակագիրը մշակութային բազմազանության մասին ու մեր հանձնառությունները` ուղղված դրա պահպանմանն ու խրախուսմանը մեզ համար խիստ իրական են: Թե մշակութային ժառանգությունը, թե հուշարձանների պահպանումը հատկապես կարեւորվում են այն ազգերի համար, որոնք մշակութային հուշարձաններ ունեն իրենց պետական սահմաններից դուրս, աշխարհի տարբեր երկրներում եւ հատկապես մեր տարածաշրջանում:

Մենք գոհ ենք, որ Իրանի կառավարության հետ մեր դարեր շարունակվող գոյակցությունը շարունակում է իր ակնհայտ արտահայտությունը գտնել սահմանի երկու կողմերում գտնվող քրիստոնեական եւ իսլամական հուշարձանների պահպանությանն ուղղված մեր համագործակցության մեջ:

Մենք համագործակցում ենք վրացական իշխանությունների հետ անհամար մշակութային գլուխգործոցների վերականգնման եւ նրանց քայքայումն ու կործանումը կանխելու հարցում:

Մենք հույս ունենք, որ մշակույթի միջոցով կկարողանանք աշխատել Թուրքիայի իշխանությունների հետ նույնպես, որպեսզի միասնաբար պահպանենք այն հուշարձանները, որոնք իրենք նույնպես ճանաչում են որպես համաշխարհային արժեք ներկայացնող: Անիի՝ Հայաստանի միջնադարյան մայրաքաղաքի եկեղեցիները ճարտարապետական կարեւոր նշանակություն ունեն եւ նաեւ արժեվորվում են սահմանակից դիրք ունենալու հանգամանքով: Նրանք լավագույն հնարավորություն են ընձեռում միասնաբար ջանալու վերականգնել ոչ միայն հուշարձանները, այլեւ փոխադարձ վստահությունն ու հավատը:

Պարոն նախագահ,

Հայկական ներկայությունն այդ շրջանում վկայված է հնուց: Այս պատմական իրողությունը ժխտելը կամ վերատեսության ենթարկելը պահանջում է շարունակական ծրագրավորում, եռանդ եւ միջոցներ: Ադրբեջանի կառավարությունն ահա այսպիսի միջոցներ հատկացրել է Նախիջեւանի շրջանում, որ դարերով հայկական էր, ինչպես ցույց է տալիս նրա անվանումն իսկ: 20-րդ դարի մի քանի տասնամյակի ընթացքում Նախիջեւանի հայկական բնակչությունը կրճատվել եւ հասցվել է այն քանակությանը, որը մենք տեսնում ենք այսօր: Ադրբեջանը հաջողացրեց հայերին վերացնել Նախիջեւանից: Այսօր այնտեղ ոչ մի հայ չկա:

Այնուամենայնիվ, եթե նույնիսկ հայերը հեռացել են, նրանց դարավոր անցյալի հուշարձանները շարունակում են մնալ այնտեղ:

Նախիջեւանի վաճառաշահ Ջուղա քաղաքը մի ընդարձակ գերեզմանատուն ուներ`կանգուն քանդակազարդ, կարմիր ավազաքարե գերեզմանաքարերով, եզակի իրենց գեղարվեստական կատարմամբ, որոնք թվագրվում են 9-րդից 16-րդ դարերով: 1903 թվականին այս խաչքարերի թիվը հասնում էր 5000-ի: 1973 թ. դրանց կեսն արդեն չկար: Այսօր դրանցից ոչ մեկը չկա:

Ականատեսները սահմանի այն կողմից նկատել են, որ այդպիսիք կարող են լինել միայն կառավարության կողմից հրահանգված գործողությունները: Հեռվից արված լուսանկարները ցույց են տալիս յուրաքանչյուր խաչքարի հետեւողական, հատ առ հատ ոչնչացումը: Դրանց մնացորդները հեռացվում են պետական երկաթգծով եւ պետական վագոններով:

Հակառակ որ Հայաստանը բազմիցս ահազանգեր է հնչեցրել միջազգային տարբեր ֆորումներում, այդ թվում նաեւ ՅՈՒՆԷՍԿՕ-ում, եւ հակառակ որ ՅՈՒՆԷՍԿՕ-ն առաջարկել է դիտորդներ ուղարկել գնահատելու համար վնասները, Ադրբեջանը համառորեն մերժում է այն: Նա անտեսում է միջազգային մարմինները եւ պահպանության մեխանիզմները, դրանց փոխարեն առաջ տանելով իր հստակ քաղաքական ծրագիրը: Նա սեփական հակամեղադրանքներ է մոգոնում՝ իր միջազգայնորեն դատապարտելի գործողություններից ուշադրությունը շեղելու նպատակով, ինչը մենք այսօր լսեցինք: Թույլ տվեք եւս մեկ անգամ ամենայն պատասխանատվությամբ եւ հստակ գիտակցությամբ կոչ անել ՅՈՒՆԷՍԿՕ-ին` տարածաշրջան ուղարկելու դիտորդներ, տեսնելու համար, թե որտեղ են արվել այդ ավերածությունները եւ ինչպես:

Այս պատմական եւ մշակութային անփոխարինելի հետքերի վերացումն ավելին է, քան պարզապես հայոց պատմության մի մասնիկի վերացումը: Այն ի ցույց է դնում կարճատես, մեկուսացվածության մտածողությունը՝ հակառակ համատեղ արժեքների պահպանմանն ու հանդուրժողականությանն ուղղված համաշխարհային համառ ջանքերի: Ադրբեջանը մի երկիր է, որն ապրում է իր անցյալի հանդեպ վախի զգացումով:

Ակնհայտ է, որ  մենք հույս ունենք, որ Մշակութային ժառանգության դիտավորյալ ավերման մասին ՅՈՒՆԷՍԿՕ-ի հռչակագրի նախագիծը կուժեղացանի գործող մշակութային կոնվենցիաներում արդեն իսկ ամրագրված մեխանիզմները՝ ուղղված դրանց պաշտպանությանը:

ՅՈՒՆԷՍԿՕ -ի ջանքերը՝ խրախուսելու հանդուրժողականությունը եւ հարգանքը մարդու իրավունքների հանդեպ, նվազեցնելու փոխադարձ անվստահությունը հակամարտող հանրությունների միջեւ, շարունակական են: Այսօր այդ ջանքերն իրենց արտահայտությունն են ստանում քաղաքակրթությունների միջեւ երկխոսության խրախուսման միջոցով: Մենք իրոք նման խթանման կարիք ունենք մեր տարածաշրջանում: Այսպիսով, որպես շարունակություն «Երկխոսություն քաղաքակրթությունների միջեւ. Կովկաս» կլոր սեղանի, որը տեղի ունեցավ Վիլնյուսում, մենք Կովկասյան ու Բալթյան երկրների հետ մեկտեղ ներկայացրել ենք բանաձեւի նախագիծ, որն ընդգրկում է ամենատարբեր բնագավառների վերաբերյալ կոնկերտ առաջարկներ:

Հայաստանը մեծ նշանակություն է տալիս մեր տարածաշրջանում ՅՈՒՆԷՍԿՕ -ի կողմից իրականացվող բոլոր նախաձեռնություններին: Մենք ողջունում ենք «Մշակույթն ու ՁԻԱՀ/ՄԻԱՎ-ը երեք Կովկասյան երկրներում» ծրագիրը, որը կխթանի տարածաշրջանային համագործակցությունն ուղղված սահմաններ չճանաչող այս վիրուսի դեմ պայքարին:

Պարոն նախագահ,

Հայերը հին ազգ են նոր պետությամբ: Տոնելու շատ բան կա մեր երկրում, նաեւ աշխարհի հետ: Երեք տարի առաջ մենք նշեցինք Հայաստանում քրիստոնեության որպես պետական կրոն հռչակման 1700-ամյակը, առաջին երկիրն աշխարհում, որ ընդունել է այն: Երկու տարի հետո մենք կնշենք հայոց այբուբենի ստեղծման 1600-ամյակը: Այդ տարեթիվն ընդգրկված է այս կազմակերպության օրացույցի նախագծում, եւ մենք կոչ ենք անում Գլխավոր Կոնֆերանսին հավանություն տալու այդ տարեթվի ներառմանը՝ թե՛ ընդունելով մշակութային բազմազանությունը որպես արժեք եւ թե՛ կարեւորություն տալով լեզուներին ու մշակույթներին՝ որպես մարդկային ու քաղաքակրթական զարգացումների ու առաջընթացի կենդանի վկայության:

Տպել էջը