ՀՀ ԱԳ Նախարար Վարդան Օսկանյանի ուղերձը ՀՅԴ 29-րդ Ընդհանուր ժողովին

10 փետրվարի, 2004

ՀՀ ԱԳ Նախարար Վարդան Օսկանյանի ուղերձը ՀՅԴ 29-րդ Ընդհանուր ժողովին

Այսպես բնութագրեց ՀՅ Դաշնակցությանը Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը։

ՀՅԴ 29-րդ Ընդհանուր ժողովի պաշտոնական բացման արարողությանը մասնակիցներին ողջույնի խոսքեր հղեցին Հայաստանի Հանրապետության եւ ԼՂՀ պետական ու քաղաքական մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ։

Այս պատմական պահին կանգնելով այս ամբիոնի մոտ՝ երեք զգացում են միախառնվում իմ մեջ։ Առաջինը մեր ժողովրդի պատմության խորը գիտակցումն է, երկրորդը՝ մեր ժողովրդի ճակատագրի վայրիվերումների շարունակականությունը, եւ, վերջապես, այս դահլիճում տեսնելով դեմքեր Հայաստանից, Արցախից եւ Սփյուռքից, իմ մեջ առաջանում է երկու հատվածների միասնականության անխուսափելի գաղափարը։

ՀՅԴ-ն խորհրդանշում է մեր երկու հատվածների միասնականության գաղափարը: Իսկապես, Դաշնակցությունը խորհրդանշում է մեր միասնությունը, մեր երկու հատվածների համատեղ գործունեությունը՝ օրակարգում ունենալով ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Սփյուռքի խնդիրները:

Ձեւավորվելով մեր պատմության ամենաճակատագրական պահին՝ Դաշնակցությունն իր ողջ գործունեության ընթացքում իսկապես կարողացել է իր բոլոր ջանքերը հետեւողականորեն ներդնել ե՛ւ Սփյուռքում, ե՛ւ Հայաստանում մեր ժողովրդի առջեւ ծառացած խնդիրների եւ մարտահրավերների դիմագրավմանը եւ լուծմանը: Ես համոզված եմ, որ այս՝ 29-րդ Ընդհանուր ժողովով այդ գործունեությունը շարունակվելու է:

Երբ ես դահլիճ էի մտնում, մուտքի պատին կար մի շատ կարեւոր պատմական նկար: Դա Դաշնակցության 9-րդ ընդհանուր ժողովի մասնակիցների նկարն էր. ժողով, որն առաջին անգամ էր տեղի ունեցել Հայրենիքում: Այն արթնացնում է պատմության գրքերի հիշողությունը:

Այդ հանդիպման ժամանակ Հայաստանի վարչապետ Խատիսյանը, իր ելույթում ողջունելով Հայաստանի Հանրապետության ծնունդը, հույս հայտնեց, որ միջազգային հանրությունը շուտով կճանաչի Հայաստանի անկախությունը:

Բայց նույն ժողովում կուսակցությունը որոշում ընդունեց՝ կուսակցության առաջ խնդիր դնելով, ամեն ջանք ներդնել մեր հայրենիքի անբաժանելի մասը՝ Ղարաբաղը, հանրապետության կազմում ընդգրկելու մասին: Այսօր ես կարծում եմ՝ մենք բոլորս բախտավոր ենք, որ Հայաստանը ոչ միայն անկախ է, այլեւ ճանաչված ու հարգված է միջազգային հանրության կողմից:

Մենք բախտավոր ենք, որ այսօր Ղարաբաղը փաստացիորեն Հայաստանի մաս է կազմում եւ այստեղ է, որ մենք սպասում ենք, որ միջազգային հանրությունը ճանաչի դա: Բայց այսօր մեր առջեւ կան իսկապես շատ մեծ խնդիրներ եւ մարտահրավերներ:

Կարծես թե ոչինչ չի փոխվել, բայց, մյուս կողմից, շատ բան է փոխվել: Ես համոզված եմ, որ այս ժողովը իր երկու շաբաթվա գործունեության ընթացքում հստակ կգնահատի իրավիճակը, վերլուծություններ կանի, եզրակացությունների կհանգի, իր առջեւ այնպիսի խնդիրներ կդնի (որոնք կբխեն մեր ազգային շահերից) եւ հետամուտ կլինի այդ շահերի իրականացմանը: Ես ուզում եմ, որ կուսակցությունը իր առջեւ նաեւ հատուկ խնդիր դնի՝ մեր միասնականության խնդիրը:

Ես ուզում եմ մեզ բոլորիս հիշեցնել հենց 9-րդ ժողովի ընթացքում Նիկոլ Աղբալյանի ունեցած ելույթից մի հատված, երբ նա ասաց, որ Դաշնակցությունը միացրեց հայությանը Հայաստանում ու նրա սահմաններից դուրս եւ դարձավ մի այնպիսի կուսակցություն, որում արդեն ազգայինը, ազգային ճակատագիրը չէր կարող անջատվել կուսակցության ճակատագրից: Ես ուզում եմ, որ այս պատգամը լինի մեր բոլոր քաղաքական կուսակցությունների գաղափարախոսության հիմքը:

Ես ուզում եմ, որ մենք կարողանանք իսկապես նեղ քաղաքական շահերը, պահից դրդված, տարբերակել մեր ազգային շահերից: Դրանք մեզ համար պետք է լինեն առաջնայինը: Ես ուզում եմ, որ այս ժողովը կարողանա դա անել եւ բոլորի համար օրինակ ծառայի: Իսկապես, իրավիճակը մեր շուրջը փոխվում է։ Մեր տարածաշրջանում իրադարձություններն այնքան արագ են զարգանում, որ օրից օր նոր մարտահրավերներ են հանդիպում: Մենք այս բոլորը կարող ենք դիմագրավել միայն ու միայն մեր միասնականությամբ:

Ես ուզում եմ, որ Դաշնակցության այս ժողովը խորհրդանշի այս բոլորը, եւ Հայաստանի ու Սփյուռքի հատվածներով կարողանա իր եզրակացություններով, իր որոշումներով ուղեցույց լինել մեր հետագա գործունեությանը: Ես բարի երթ եւ արդյունավետ աշխատանք եմ մաղթում եկող երկու շաբաթվա ընթացքում:

Վարդան Օսկանյան ՀՀ արտաքին գործերի նախարար

Տպել էջը