ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՊՐՆ. ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ

22 մարտի, 2004

Ս.թ. մարտի 19-ին Բրատիսլավայում կայացավ «Դեպի ավելի ընդարձակ Եվրոպա. Նոր օրակարգ» միջազգային համաժողովը, որին մասնակցում էին Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, Ռումինիայի վարչապետ Ադրիան Նաստասին եւ Բուլղարիայի արտաքին գործերի նախարար Սոլոմոն Պասսին:

Համաժողովին Հայաստանը ներկայացնում էր Հանրապետության արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը, որի ելույթը ինչ-որ առումով պատասխան էր Ադրբեջանի նախագահի ելույթի, որը միջազգային այդ համաժողովում կրկին հնչեցրեց Հայաստանի նկատմամբ իր երկրի ավանդական մեղադրանքները:

Ստորեւ Վ. Օսկանյանի «Եվրոպայի սեւծովյան եւ կովկասյան հարեւանները» վերնագրով ելույթի ամբողջական տեքստը:  

Նախեւառաջ, թույլ տվեք նշել, որ ինձ համար պատիվ է մասնակցել այսպիսի հարգարժան հավաքույթին: Թույլ տվեք ասել նաեւ, որ Հայաստանի կառավարությունը եւ ժողովուրդը գնահատում են այս նախաձեռնությունը: «Ավելի ընդարձակ Եվրոպայի» գաղափարը եւ Կովկասի ներգրավումը դրանում, չափազանց կարեւոր նախաձեռնություն է: Դրանով Եվրոպան աներկբայորեն ազդանշում է մեր տարածաշրջանին, մեր երեք կովկասյան հանրապետություններին, որ դրանց համար գոյություն ունեն եվրոպական կառույցներում ինտեգրվելու եւ, հատկապես, Եվրոպական ընտանիքի մաս դառնալու հստակ հեռանկարներ: Այն փաստը, որ կովկասյան երկու հանրապետությունների նախագահները եւ ես՝ իմ երկրի նախագահի անունից, որն իրենից անկախ պատճառներով չկարողացավ ներկա գտնվել, գտնվում ենք այստեղ, վկայում է, որ եվրոպական ուղղությունն առաջնային տեղ է զբաղեցնում բոլոր երեք երկրների օրակարգում:

Հիշում եմ, դեռեւս 90-ականների սկզբներին Եվրոպայի խորհրդում քննարկվում էր Հարավային Կովկասի՝ Եվրոպային եւ այդ կազմակերպությանը պատկանելու հարցը: Բանավեճն ավարտվեց Եվրոպային Կովկասի երեք հանրապետությունների պատկանելիությունը հաստատող բանաձեւի ընդունմամբ: Հենց այդ ժամանակ մեկնարկեց ԵԽ-ին անդամակցելու գործընթացը: 1992 թվականի վերոնշյալ բանաձեւի ընդունումից 10 տարի չանցած՝ նախ Վրաստանը, իսկ այնուհետեւ՝ Հայաստանն ու Ադրբեջանը դարձան Եվրոպայի խորհրդի լիիրավ անդամներ: Անդամակցության գործընթացի այս տարիները չափազանց օգտակար եղան երեք երկրներից յուրաքանչյուրում ժողովրդավարությունը, մարդու իրավունքները եւ օրենքի գերակայությունն առաջ մղելու տեսանկյունից: Այլ կերպ ասած, Հայաստանը, Ադրբեջանը եւ Վրաստանը օգուտ քաղեցին ոչ միայն բուն անդամակցությունից, այլեւ՝ դրան հասնելու ողջ գործընթացից:

Մեկ ամիս առաջ Բրյուսելում ԵՄ Նախարարների խորհուրդը հանձնարարեց Եվրոպական Հանձնաժողովին մինչեւ ԵՄ-ում Իռլանդիայի նախագահության ժամկետի ավարտը առաջարկություն ներկայացնել «Ավելի ընդարձակ Եվրոպա. Նոր հարեւաններ» նախաձեռնության մեջ Հարավային Կովկասն ընդգրկելու վերաբերյալ: Ցանկանում եմ զուգահեռներ անցացնել այս եւ Եվրոպայի խորհրդի 1992 թ. որոշման միջեւ, որով Կովկասը դիտարկվում էր որպես Եվրոպայի մաս: Մենք՝ որպես ղեկավարներ, ինչպես նաեւ պատմաբանները, հայացք ենք նետելու այդ ժամանակաշրջանին, նշելու, որ այն երեք կովկասյան հանրապետությունների Եվրոպական Միություն մուտք գործելու գործընթացի սկիզբն էր: Ես չեմ կասկածում, որ այս ճանապարհը նույնպես դժվար ու անհարթ կլինի, բայց կասկածներից վեր է նաեւ այն, որ մենք ի վերջո կհասնենք այդ նպատակին: Քանի որ մենք ազդանշան ենք ստացել Եվրոպական Միությունից, որ եթե կովկասյան երեք պետությունները համապատասխանեն չափանիշներին, ապա օրերից մի օր հնարավոր կդառնա այս կազմակերպությանը նրանց անդամակցելու հարցի քննարկումը:

Դա չափազանց կարեւոր է եւ նոր հույս է տալիս Կովկասին եւ երեք հանրապետություններին՝ նոր հեռանկարներ բացելով նրանց առջեւ: Մենք, այնուամենայնիվ, պետք է հստակ նշենք, որ որեւէ պատրանքներ չունենք: Եվրոպական Միությունը մեզ հեռանկարներ է առաջարկում, ոչ թե խոստումներ տալիս: Մենք պետք է դա հստակորեն պատկերացնենք: Այն, ինչին մենք հասել ենք այսօր եւ այն, ինչին, հուսով ենք, մենք կհասնենք նախքան Իռլանդիայի նախագահության ավարտը, հեռանկար է, այլ ոչ խոստում: Հայաստանը հստակ գիտակցում է դա, եւ ես չեմ կասկածում, որ մեր հար—անները՝ նույնպես: Մենք ինքներս, Կովկասում պետք է այդպիսի հեռանկարը խոստումի վերածենք: Եւ որքան շուտ մենք դա անենք, այնքան լավ կլինի ինչպես տարածաշրջանի, այդպես ել նրանում ընգրկված երկրների համար: Եւ չափազանց կարեւոր է այն, որ մենք կարգուկանոն հաստատենք ոչ միայն մեր սեփական «տներում», այլ նաեւ՝ ամբողջ տարածաշրջանում: Վերջերս կայացան նախագահ Սահակաշվիլիի այցերը Երեւան եւ Բաքու: Նա այցելում էր իր երկու հարեւաններին: Եւ Ադրբեջանում, եւ Հայաստանում նա խոսում էր ընդհանուր Կովկասի, ազատ առեւտրի գոտու, ավելի խորը ինտեգրման մասին:

Պրն. Նախագահ, մենք կիսում ենք Ձեր այդ մոտեցումը եւ ցանկանում ենք աշխատել այդ ուղղությամբ: Մենք կցանկանայինք, որպեսզի Ադրբեջանը նույնպես միանար, բայց ոչ թե Վրաստանի միջոցով, այլ մեր երեք երկրների այդ ուղղությամբ շարժվելու անհրաժեշտության գաղափարի գիտակցմամբ:
 Թույլ տվեք չթերագնահատել մեր առջեւ ծառացած խնդրի դժվարությունը: Հայաստանի — Ադրբեջանի լիարժեք տարածաշրջանային համագործակցության եւ ինտեգրման ճանապարհին լուրջ խոչընդոտներ կան:

Այդ խնդիրը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն է: Մենք պետք է իրատես լինենք: Այս հակամարտությունը անհրաժեշտ է դիտարկել ապագայի, այլ ոչ ոչ թե ներկայումս առկա իրավիճակի տեսանկյունից: Դա ամենեւին չի նշանակում անցյալի կամ պատմության անտեսում: Չի կարելի անտեսել նաեւ այն, ինչ ունենք այսօր. այնուամենայնիվ, մենք պետք է առաջ նայենք: Ահա թե ինչու եվրոպական հեռանկարը մեզ տրամադրում է այն լավագույն համատեքստը, որի շրջանակներում հնարավոր է առաջ մղել ինչպես ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության եւ օրենքի գերակայության գործընթացները, այնպես էլ հնարավություն է ընձեռնում մոտենալ տարածաշրջանային եւ էթնիկական հակամարտություններին այդ գլոբալ գործընթացի տեսանկյունից: Եթե դա մեզ հաջողվի, ապա մենք կարող ենք առաջընթաց ունենալ նույնիսկ ամենախնդրահարույց, ամենատեւական հարցերում, որոնց թվում է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը:

Անկեղծ ասած, ես հիասթափված եմ նախագահ Ալիեւի այսօրվա ելույթից, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանդեպ նրա մոտեցումից: Համենայնդեպս, գոնե այս համաժողովին նա պետք է մի այլ տեսանկյունից դիտարկեր այդ հարցը եւ պետք է նայեր դեպի ապագա:

Պրն. Նախագահ, Հայաստանն ագրեսոր չէ, հայերն ագրեսոր չեն եւ Ձեր երկրի վրա ագրեսիա չեն գործել: Դուք պարտված կողմ չեք, ինչպես եւ մենք հաղթող չենք: Այս պահին մենք հավասարապես զոհեր ենք: Մենք պետք է աշխատենք, որպեսզի ապագայում երկուսս էլ հաղթող դառնանք: Հակամարտության այս փուլը իրարահաջորդ փուլերից մեկն է միայն: Մենք չենք կարող այս փուլերից միայն մեկի վրա սեւեռվել եւ դրանից հետեւություններ անել: Սա դեռ վերջը չէ:

Հակամարտությունը դեռեւս ավարտված չէ: Մենք երբ—է չենք հավակնել ավելինի, քան արժանի ենք ունենալու եւ ուզում ենք, որ միջազգային հանրությունը այս հակամարտությունը դիտարկի տվյալ տարածաքում բնակվող մարդկանց իրավունքների տեսանկյունից:

Այո, կան փախստականներ, սակայն նրանք երկու կողմից են: Մենք արդեն հոգնել ենք մեկ միլիոն թիվը լսելուց: Այո, փախստականները թիվը մեկ միլիոն է, բայց այդ թիվը երկու կողմերի հանրագումարն է: Մինչ հակամարտության սկիզբը Ադրբեջանում բնակվում էին 400.000 հայեր: Որտե՞ղ են այժմ այդ մարդիկ, պրն. Նախագահ: Մի՞թե նրանք փախստականներ չեն: Եթե նրանք չեն ապրում վրաններում՝ ի ցույց համայն աշխարհի, դա դեռ չի նշանակում, թե նրանք գոյություն չունեն: Նրանք իսկապես գոյություն ունեն: Երկու կողմից էլ կան փախստականներ, ինչպես նաեւ երկուստեք տառապանք: Երկու կողմերն էլ ունեն որոշակի իրավունքներ, որոնց անհրաժեշտ է արձագանքել: Ես հասկանում եմ, որ Դուք ուզում եք վերականգնել Ձեր պետության տարածքային ամբողջականությունը, իսկ մենք ցանկանում ենք որպեսզի հարգվի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը եւ նրա ինքնորոշվելու իրավունքը: Նրանք ընդամենն ունեն խաղաղ եւ նորմալ կյանքով ապրելու ցանկություն: Նրանք զանկանում են միանալ Հայաստանի իրենց քույրերին ու եղբայրներին, ինչպես պատմության ընթացքում արել են համայն աշխարի մարդիկ: Նրանք ցանկանում են պատկանել նրան, ինչին պատկանում են: Դա այն է, ինչ նրանք են ցանկանում, ինչ ցանկանում ենք մենք՝ հայերս, այս տարածաշրջանում:

 Թույլ տվեք ձեզ ասել, որ մենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումից բացի որեւէ այլ պահանջ չունենք: Մենք պետք է առաջ նայենք եւ դիտարկենք այս հակամարտությունը ԵՄ-ին ինտեգրվելու համատեքստում: Մենք դեռ գտնում ենք, որ մենք կարող ենք տարածաշրջանում համագործակցության գործընթացի սկիզբ դնել: Մենք կարող ենք միմյանց հետ աշխատել այլ խնդիրների շուրջ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցություններին զուգահեռ, փորձելով փոխլրացնել այդ երկու գործընթացները: Մենք կարող ենք ավելի լավ միջավայր ստեղծել, որի պայմաններում հնարավոր կլինի քննարկել եւ լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը՝ ի բարօրություն մեր երկու երկրների եւ ժողովուրդների:

Տպել էջը