ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի ելույթը Պատգամավորական բարեկամության հայկական վեհաժողովի ժամանակ

18 հունիսի, 2004

Սիրելի հայրենակիցներ,
հարգելի հյուրեր,

Ես նույնպես ողջունում եմ ձեզ բոլորին Հայաստանում, ողջունում եմ նաեւ այս սքանչելի նախաձեռնությունը: Կարծում եմ, որ, ինչպես Ազգային ժողովի նախագահը նշեց, սա միայն սկիզբն է, եւ սա իրոք կարող է վերածվել շատ լուրջ համագործակցության, համագործակցություն, որի կարիքը մենք բոլորս՝ այն երկրները, որ այստեղ ներկայացված են եւ մենք Հայաստանում, ունենք:

Ինչպես հանրապետության նախագահն իր ողջույնի խոսքում նշեց, այսօր գլոբալիզացիայի այս պայմաններում երեւի թե չկա մի երկիր, որ կկարողանա իր առաջ կանգնած բոլոր խնդիրներն ինքնուրույն լուծել, առավել եւս` Հայաստանի նման փոքր երկիրը, որը գտնվում է աշխարհագրականորեն բավականին բարդ իրավիճակում: Մեր համագործակցությունը պետք է լինի փոխադարձ սկզբունքների վրա, մեր համագործակցությունը պետք է նպաստի բոլորին: Այո՛, այստեղ դահլիճում նստած են հայազգի պատգամավորներ եւ մեր պատգամավորական բարեկամության խմբերի ներկայացուցիչներ եւ ղեկավարներ, բայց այդ համագործակցությունը պետք է ենթադրի, որ մենք կարողանանք փոխադարձաբար իրար օգնել, միմյանց խնդիրներին լավատեղյակ լինել, կարողանալ այդ խնդիրները մեր համապատասխան երկրների խորհրդարաններում բարձրացնել եւ փորձել իրար օգնելով համատեղ քայլերով առաջ գնալ:

 Հայաստանն այս վերջին տարիների ընթացքում իր առջեւ շատ պարզ մի խնդիր է դրել. մենք այստեղ ուզում ենք կառուցել ժողովրդավարական, բարգավաճ եւ խաղաղության մեջ ապրող մի պետություն: Երեք շատ պարզ խնդիր՝ ժողովրդավարություն, տնտեսական զարգացում եւ խաղաղություն: Եւ կարող եմ ասել, որ այս վերջին տասը տարիների ընթացքում Հայաստանի անկախությունից ի վեր, մենք իրոք կարողացել ենք այս երեք հիմնական ուղղություններում լուրջ առաջընթաց արձանագրել եւ հասել ենք այսօր մի այնպիսի փուլ, որ լրացուցիչ ջանքեր պետք ունենք ներդնելու, որպեսզի կարողանանք այդ երեք ուղղություններով շարունակել խորացնել եւ ամրագրել հաջողությունները: Մի պահ պատկերացնենք հետեւյալը. այո՛, Հայաստանն այսօր կառուցում է ժողովրդավարական պետություն, բայց դեռեւս մենք այդ ճանապարհի հազիվ թե կեսին գտնված լինենք: Այո՛, շատ առաջընթաց կա, բայց մենք սկսել ենք համարյա զրոյական կետից՝ մենք ավտորիտար համակարգից սկսել ենք անցնել ժողովրդավարական պետության, եւ այդ ճանապարհին նույնիսկ ամենափոքր քայլերը թերեւս տեսանելի են եւ ողջունելի: Բայց դա մեզ երբեք չպետք բերի խանդավառության մի այնպիսի տրամադրության, որ մենք համարենք, թե այդ աշխատանքն ավարտել ենք: Ընդհակառակը, ես կարծում եմ, որ մենք դեռեւս ճանապարհի սկզբին ենք, մենք այդ աշխատանքի ամենահեշտ մասն ենք արել եւ այսօր գտնվում ենք մի այնպիսի փուլում, որ լրացուցիչ ջանքեր են պետք, որպեսզի կարողանանք ժողովրդավարությունը Հայաստանում խորացնել: Դրա համար էլ մեր անդամակցությունը Եվրոպայի Խորհրդում կարեւոր նշանակություն ունի մեզ համար եւ մենք այդ պարտավորությունները ստանձնելով՝ այդ ճանապարհին պետք է կարողանանք արագ քայլերով ընթանալ:

Երկրորդը` մեր տնտեսական զարգացումն է: Այստեղ նույնպես, հակառակ որ այս վերջին տարիներին երկնիշ լուրջ տնտեսական աճ ենք արձանագրել, բայց եթե մի պահ մտածենք, որ մենք սկսել ենք նույնպես զրոյական կետից, երբ խորհրդային ռեժիմի փլուզումից հետո փլուզվեց նաեւ այս երկրի ամբողջ տնտեսությունը, այս առաջընթացը, ինչքան էլ որ քաջալերական լինի, բայց դեռեւս բավարար չէ: Որովհետեւ տարեցտարի առավել բարդանում է երկնիշ աճ ապահովել, դա նշանակում է, որ մենք պետք է կարողանանք յուրաքանչյուր տարի առավել ջանք ներդնել` մեր տնտեսության զարգացման այդ տեմպերն ապահովելու համար:

Եւ վերջապես, խաղաղության եւ անվտանգության ոլորտը: Ճիշտ է, այս վերջին տասը տարիներին մենք ապրում ենք խաղաղ պայմաններում, որովհետեւ 1994թ. ստորագրել ենք զինադադարի պայմանագիր: Այստեղ նույնպես մեր ելակետը բավական ցածր է. մենք պատերազմից անցել ենք խաղաղության եւ ոչ դեռեւս վերջնական խաղաղության: Մենք 1994թ. դեռեւս պատերազմի մեջ էինք գտնվում, ստորագրել ենք զինադադար, այսօր հարաբերական խաղաղություն է, բայց դա երբեք չի կարող բավարար լինել: Պատերազմից խաղաղություն անցումը պետք է լինի շատ առավել հիմնավոր: Դրա համար էլ, հակառակ, որ մենք այսօր զինադադարի պայմաններում ենք, շարունակում ենք բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հարցում՝ նպատակ ունենալով հասնել վերջնական խաղաղության:

Այնպես որ, կարծում եմ՝ Հայաստանը մտել է մի այնպիսի փուլ, որտեղ կարիք ունի ամեն տեսակի աջակցության: Մենք այս տարիների ընթացքում այդ երեք ուղղություններով ընդամենը հիմքերն ենք ստեղծել՝ բավականին ամուր հիմքեր, որի վրա պետք է կառուցել շատ ավելի ամուր շենք՝ եւ ժողովրդավարության շենքը, եւ մեր տնտեսական զարգացման, եւ խաղաղության: Ահավասիկ, կարծում եմ, որ այս միջոցառումը նաեւ ժամանակի առումով գալիս է ճիշտ պահին, երբ մենք այս խնդիրների շուրջ այս երկու օրերի ընթացքում եւ ապագայուն եւս պետք է քննարկումներ անցկացնենք, իրար առավել հասկանանանք, պատկերացնենք խնդիրները եւ համապատասխան մեր երկրներում համագործակցության միջոցով հասնենք այս բոլոր խնդիրների առավել կարգավորմանը եւ դրանց ամրագրմանն ու խորացմանը:

Մեկ անգամ եւս ողջունում եմ ձեր բոլորի ներկայությունն այստեղ, ողջունում եմ այս միջոցառումը եւ համարում եմ, որ սա իսկապես համագործակցության սկիզբ է դնում, եւ հույս ունեմ, որ նաեւ մեր գերատեսչությունն այս համագործակցության մեջ իր ներդրումը կունենա եւ մենք կկարողանանք եկող ամիսների եւ տարիների ընթացքում փոխադարձ համագործակցությամբ կարողանալ մեր երկրների համար լավագույնս օգտակար լինենք:

Շնորհակալություն:

Տպել էջը