ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի ելույթը ՆԱՏՕ - ԵԱԳԽ Ստամբուլյան գագաթաժողովում

29 հունիսի, 2004

Պարոն գլխավոր քարտուղար,
մեծարգո պատգամավորներ,
տիկնայք եւ պարոնայք.

Պատմությունն այնքան արագ է առաջ ընթանում, որ այս գագաթաժողովներից գրեթե յուրաքանչյուրը, առանց մեծ չափազանցության, տարեգրություններում կարող է բնորոշվել որպես Եվրատլանտյան գործընկերության զարգացման կարեւորագույն նշաձող: Այս գագաթաժողովը նշանավորում է «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի 10-ամյակը: Մենք կարող ենք, հետադարձ հայացք նետելով անցած ճանապարհին, շնորհավորել ինքներս մեզ լավագույնս ձեւակերտված ու մտահղացված, օգտակար եւ հաջողակ ծրագրի կապակցությամբ: Այս ծրագրի շրջանակներում եւ արձագանքելով մեր տարածաշրջանի նկատմամբ Դաշինքի վարած քաղաքականության շեշտափոխությանը, Հայաստանը մի շարք քայլեր է ձեռնարկել` նպատակաուղղված մեր փոխհարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը: Այսօր կարող ենք վստահությամբ արձանագրել, որ Հայաստանն ակտիվորեն ներգրավված է Գործընկերության ծրագրի` Դաշինքի կողմից հիմնական համարվող առաջնահերթությունների ու նպատակների շուրջ ծավալվող համագործակցության մեջ: Նախ խոսենք ապագայից: Հայաստանը պաշտոնապես հայտնել է իր մտադրությունը` շարունակելու եւ խորացնելու համագործակցությունը Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (Individual Partnership Action Plan) շրջագծում եւ պատրաստակամություն է հայտնել հյուրընկալելու Գործընկերության 2005թ. «Համագործակցող գործընկեր» զորավարժությունները (Exercise Cooperative Associate 05): Ինչ վերաբերում է արդեն իրականացված քայլերին, ապա նախ` ՆԱՏՕ-ի ղեկավարության հետ քաղաքական խորհրդատվությունները վարվում են կանոնավոր հիմունքներով եւ երկուստեք համարվում են ՆԱՏՕ-Հայաստան փոխհարաբերությունների կարեւոր բաղկացուցիչները: Երկրորդ, Հայաստանն ակտիվորեն մասնակցում է փոխգործակցության զարգացմանը նպատակաուղղված` Գործընկերության ծրագրերին եւ համապատասխան քայլեր է ձեռնարկում իր պաշտպանության համակարգի բարեփոխման ուղղությամբ: Երրորդ, Հայաստանն անդամակցում է ՆԱՏՕ-ի հովանու ներքո իրականացվող խաղաղապահ գործողություններին: Այս ամենից մեր քաղած դրական փորձառությունն այսօր քաջալերում է մեզ քննության առնելու միջազգային խաղաղապահ ծրագրերում մեր ներգրավվածության ընդհանուր ծավալն ընդլայնելու նոր ուղիներ ու հնարավորություններ: Չորրորդ, Հայաստանն հաջողությամբ հյուրընկալեց «Համատեղ լավագույն ջանք» («Co-operative Best Effort 2003») զորավարժությունները եւ միաժամանակ մեծապես բարելավեց իր խաղաղապահական ներունակությունը: Նման համագործակցությունը նաեւ հնարավոր դարձրեց այդ զորավարժություններում թուրք զինվորականների մասնակցությունը: 10 տարի առաջ ո՞վ կարող էր մտածել անգամ նման հնարավորության մասին, այն է, որ թուրք զինվորականները կարող են ՆԱՏՕ-ական զորավարժությունների մասնակցել հայկական հողում, եւ որ թուրքական դրոշակը կծածանվի Հայաստանում:

Պարոն Գլխավոր քարտուղար,

Եվրատլանտյան տարածաշրջանի բոլոր պետություններին միավորող եզակի համաժողովին` ԵԱԳԽ-ին, մեր մասնակցության օգտաշահությունը շարունակական է: Այն, որ այսօր մենք այստեղ ենք մեծ պատվիրակությամբ, դրա վկայությունն է: Այն, որ մենք առհասարակ այսօր Ստամբուլում ենք, մեր այն համոզվածության վկայությունն է, որ Թուրքիան դերակատարություն ունի ինտեգրացման ճանապարհին ոչ թե սոսկ Հայաստանի, այլեւ ամբողջ Հարավային Կովկասի առումով: Ստամբուլյան գագաթաժողովի համար Թուրքիայի կողմից կամուրջ-խորհրդապատկերի ընտրությունն ասես նշանավորում է Արեւելքի եւ Արեւմուտքի կապը: Այդ կամուրջը կարող է եւ պետք է նաեւ խորհրդանշի այն կապօղակը, որը կարող է դառնալ Թուրքիան Կովկասի — Եվրոպայի միջեւ: Թուրքիան աշխարհագրորեն արդեն կամրջում է Կովկասն ու Եվրոպան: Թուրքիան ՆԱՏՕ-ի միակ անդամն է, որի հետ կովկասյան երեք երկրներն ընդհանուր սահման ունեն: Ավելին, այժմ, երբ Հարավային Կովկասը հայտնվել է ԵՄ-ի Նոր հարեւանության շրջածիրում, մեր կապերը Եվրոպայի հետ անցնում են Թուրքիայով: Այն հանգամանքը, որ թե Թուրքիան ինքը եւ թե հարավկովկասյան երկրները բռնել են Եվրոպային միավորվելու ուղին, այս ամբողջ տարածաշրջանը վերածելու է Եվրոպայի հարեւանների եւ ի վերջո եվրոպական հարեւանության: Հայաստանը համոզված է, որ ինչպես Ադրբեջանի ու Վրաստանի պարագայում, Թուրքիան նորմալ հարաբերություններ պետք է զարգացնի նաեւ Հայաստանի հետ` ամբողջ տարածաշրջանում իրական բարիդրացիական հարաբերությունների ապահովման համար: Նման քայլն անգնահատելի ներազդեցություն կունենար նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առումով: Ոչինչ չի կարող փարատել մեր ժողովրդի անապահովության զգացումները, քանի դեռ հարեւանները ոչ թե խաղաղություն են բերում, այլ հիշեցնում են մեր հին ու նոր վերքերը: Այս նոր դարաշրջանում, ուր հառնում են նոր մարտահրավերներ ու գոյավորվում նոր դաշինքներ, Թուրքիայի տարածաշրջանային հավասարադատ քաղաքականությունը մեծապես կնպաստեր ցույց տալու հայ հանրությանը, որ ԼՂ հակամարտության կարգավորումը, ինչին ձգտում ենք բոլորս, պետք է կառուցվի խաղաղ գոյակցությամբ ապրող եւ ոչ թե պատերազմող հար—անների տարածաշրջանում: Թուրքիան մի հարեւան է, որի խոսքը, վարքն ու փոխհարաբերությունները, կամ դրանց բացակայությունը, ներազդեցություն են թողնում մի միջավայրում, ուր անվտանգության մտահոգությունները լուծման կարոտ են: Եվ ինչ խոսք, Լեռնային Ղարաբաղի հարցը անվտանգության լուրջ խնդիր է:

Այդուամենայնիվ, Ադրբեջանի նախագահն այս հարցին անդրադարձավ զուտ նեղ, ազգակենտրոն տեսանկյունից: Տվյալ հակամարտությունն ավելի խոր ու լայն բնույթ ունի, քան այն պարզունակ դարձվածքները, որով այն ներկայացվեց: Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձություններին ահաբեկչության պիտակ փակցնելը այնքան անհեթեթ է, որ ես նույնիսկ մտադիր չեմ պատասխանել: Այդուամենայնիվ, ես կխոսեմ այստեղ արծարծված որոշ այլ խնդիրների մասին, այն է, տարածքներ, փախստականներ եւ ԼՂ-ի կարգավիճակ: Սրանք լուրջ խնդիրներ են, որոնց հարկ կա անդրադառնալու: Բանն այն է, որ տարածքները եւ փախստականներն ավելի առանցքային` ԼՂ-ի կարգավիճակի, ապագա կարգավիճակի խնդրի հետեւանքներն են: Այս հակամարտությունը խաղաղ սկիզբ է ունեցել, երբ ԼՂ-ի բնակչությունը վճռեց իրականացնել ինքնորոշման իր իրավունքը: Ադրբեջանը մերժեց այդ որոշումը, դիմելով ռազմական գործողությունների, որոնց նպատակն էր ճնշել ինքնորոշման այդ իրավունքը:

Այսպիսով այն, ինչ այսօր ունենք, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի կողմից ցուցաբերած ագրեսիայի հետեւանքներն են: Ավելին, ինչպես վերջերս ասել է իմ նախագահը, Լեռնային Ղարաբաղը երբեւէ անկախ Ադրբեջանի մաս չի կազմել: Այս իրողությունները պետք է որպես կարեւոր գործոն նկատառվեն մեր հետագա բանակցություներում: Ինչպես նախագահ Ալիեւը այստեղ ներկայացրեց իր տեսանկյունը, թույլ տվեք ինձ նույնպես ասել, որ մենք բավականին երկար ժամանակ է, ինչ պատրաստակամ ենք անհրաժեշտ փոխզիջումների ճանապարհով հասնելու խաղաղ կարգավորման` հանուն երկարատեւ խաղաղության ու կայունության:

Շնորհակալություն:

Տպել էջը