ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռուբեն Շուգարյանի զեկույցը Հասարակական երկխոսության եւ զարգացումների կենտրոնի կազմակերպած «Հայ-թուրքական սահմանի բացման քաղաքական նախադրյալները, ցանկություն եւ ի

15 սեպտեմբերի, 2004

1991թ. դեկտեմբերին ճանաչելով Հայաստանի Հանրապետության անկախությունն ի թիվս այլ նորանկախ հանրապետությունների, Թուրքիան մինչ օրս հրաժարվում է հաստատել դիվանագիտական հարաբերություններ` երկկողմ հարաբերությունների կարգավորման նպատակով առաջ քաշելով մի շարք նախապայմաններ: Դրանցից են ԼՂ հիմնահարցը, Ցեղասպանության պնդումներից հրաժարումը, Թուրքիայի տարածքային ամբողջականության ճանաչումը:

Հայաստան-Թուրքիա միջպատական հարաբերությունները հիմնվում են գլխավորապես Հայաստանի անկախության ճանաչման մասին Թուրքիայի հայտարարության, ՄԱԿ, ԵԱՀԿ իրավապայմանագրային համակարգի, ԵՍԶՈՒ պայմանագրի, ՍԾՏՀ շրջանակներում ստանձնած փոխադարձ պարտավորությունների եւ ՆԱՏՕ-ի ԵԱԳԽ շրջանակներում փոխգործակցության վրա: Հայ-թուրքական պաշտոնական շփումները հիմնականում իրականացվում են միջազգային կառույցների շրջանակներում:

Հայաստանը հանդես է գալիս առանց նախապայմանների Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման օգտին եւ ձգտում ապահովել Կովկասի տարածաշրջանում Թուրքիայի դրական ներգրավվածությունը: Հայաստանի այդ քաղաքականության իրագործումը ելնում է այն սկզբունքից, որ տարածաշրջանում կայունության, անվտանգության հաստատման եւ լայն համագործակցության զարգացման համար անհրաժեշտ է, որ Թուրքիան Հարավային Կովկասի բոլոր պետություների հետ ունենա անկողմնակալ եւ հավասարաչափ մակարդակի հարաբերություններ:

Վերջին շրջանում թուրքական կողմից արվել են որոշակի ակնարկներ առ այն, որ թեեւ Լեռնային Ղարաբաղի հարցը մնում է հայ-թուրքական հարաբերությունների օրակարգում որպես նախապայմաններից մեկը, սակայն այլեւս այն առաջնային չի դիտվում: Հայկական կողմի գնահատմամբ, ԼՂ հիմանահարցում Թուրքիայի կողմնակալ քաղաքականության վերանայումը կնպաստի երկկողմ հարաբերությունների բարելավմանն ու տարածաշրջանի կայունությանը:

Հարկ է նշել, որ թեեւ 1915 թվականի Ցեղասպանության ճանաչման հարցը մնում է Հայաստանի արտաքին քաղաքականության եւ Թուրքիայի հետ հարաբերությունների օրակարգում, այնուամենայնիվ, Հայաստանն այն չի դիտարկում որպես Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու նախապայաման: Հետամուտ լինելով 1915 թվականի Հայոց Ցեասպանության համընդհանուր ճանաչմանը եւ դատապարտմանը, Հայաստանն այդ խնդիրը դիտարկում է ոչ միայն պատմական արդարության վերականգման, այլեւ տարածաշրջանում փոխադարձ վստահության մթնոլորտի հետագա բարելավման, անվտանգության երաշխավորման եւ ապագայում նման ոճիրների կանխարգելման համատեքստում:

Հատկանշական է, որ վերջին շրջանում, հակառակ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների բացակայության, ՀՀ եւ ԹՀ ԱԳՆ-ների միջեւ տարբեր մակարդակներով առկա են շփումներ: Հայ-թուրքական պաշտոնական շփումների կոնտեքստում առանձնահատուկ ուշադրության են արժանի 2002-2004թթ. տարբեր միջազգային ֆորումների շրջանակներում տեղի ունեցած ՀՀ եւ ԹՀ ԱԳ նախարարների հանդիպումը: ԱԳ նախարարների միջեւ հանդիպումների կարեւորությունը կայանում է նրանում, որ դրանք հնարավորություն են ընձեռում կողմերին առերես քննարկելու միմյանց հուզող խնդիրները, ինչպես նաեւ տեսակետներ փոխանակել տարածաշրջանային եւ միջազգային զարգացումների վերաբերյալ:

Չնայած Հայաստանի ու Թուրքիայի միջեւ հարաբերությունների բացակայությանը եւ սահմանների փակ լինելուն, արտաքին առեւտրի ծավալներն անշեղորեն աճում են: Եթե մինչեւ 1995թ. ներառյալ Հայաստանի համար Թուրքիայի հետ առեւտրային հաշվեկշիռը եղել է դրական, ապա ներկայումս առեւտրային հաշվեկշիռն այդ երկրի հետ դառնում է բացասական (այսինքն` ներմուծումը գերազանցում է արտահանմանը): Համաձայն ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2003թ. Թուրքիայից Հայաստան ներմուծվող ապրանքների ընդհանուր ծավալը կազմել է 36731.8 հազար ԱՄՆ դոլար, իսկ Հայաստանից Թուրքիա արտահանումը` 1154.7 հազար ԱՄՆ դոլար (2001թ. արտահանումը կազմել է 1130.0, 2002 թ.` 1435.8 հազար ԱՄՆ դոլար, իսկ ներմուծումը` 33755.9 եւ 38232.0 հազար ԱՄՆ դոլար համապատասխանաբար): Հայաստանի արտաքին տնտեսական գործունեության ոլորտում Թուրքիան զբաղեցնում է 10-րդ տեղը:

Երկկողմ շփումների եւ համագործակցության փորձեր են արվում նաեւ միջմարզային (Գյումրի-Կարս), հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, գործարարների եւ ԲՈՒՀ-երի մակարդակով: Այդ շփումները ողջունելով հանդերձ, Հայաստանը շարունակում է մնալ այն համոզմանը, որ երկու երկրների միջեւ առկա խնդիրները կարելի է լուծել միայն պետական մակարդակով:

Ինչ վերաբերում է հայ-թուրքական սահմանին, ապա այն մեզ համար ոչ միայն հարեւան պետության հետ սահման է, այլեւ ՆԱՏՕ-ի եւ ապագայում հնարավոր Եվրոմիության անդամ պետության հետ: Այս առումով այդ սահմանը փակ է նաեւ ողջ տարածաշրջանի համար եւ պարզ է, որ Վրաստան-Թուրքիա ու Ադրբեջան-Թուրքիա սահմանները բավարար չեն ընթացող աշխարհաքաղաքական զարգացումներին համարժեք արձագանքելու համար: Վստահորեն կարող ենք արձանագրել, որ մեր տարածաշրջանում սահմանների հարցը աշխարհագրականից վերափոխվել է աշխարհաքաղաքականի:

ԵՄ կողմից նախաձեռնած Նոր հարեւանություն ծրագիրը լավ հնարավորություններ է ընձեռում ոչ միայն տնտեսական այլ նաեւ քաղաքական դրական զարգացում ապահովելու, մասնավորապես տարբեր առեւտրային ռեժիմների միջոցով: Դրանցից կառանձնացնեի որակյալ տնտեսական գոտիների ստեղծման հնարավորությունը: Այդ մոդելը 90-ակաների վերջում կիրառվել է Մերձավոր եւ Միջին Արեւելքում՝ Իսրայելի, Պաղեստինի եւ Հորդանանի համար: Այն գերազանց հնարավորություն է ընձեռում քաղաքական խնդիրներ ունեցող պետությունների համար ձեւավորել տնտեսական համագործակցութուն:

Ինչ վերաբերում է միջնորդություններին, ապա ամենաշատը խոսվում է ամերիկյան միջնորդության մասին: Այդ միջնորդությունը սկսվել է 1995թ. եւ շարունակվում է առայսօր: Միջնորդության մեջ եղել են որոշ փոփոխություններ, եղել են ակտիվ շրջաններ, եղել են բավականին պասիվ շրջաններ: Վերջին երկու-երեք տարում ավելի շարունակական է դարձել այդ օժանդակությունը: Մենք ունեցել ենք բազում օրինակներ, երբ ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչները այցելում են Թուրքիա, հետո այցելում են Հայաստան, քննարկում են ինչ-որ հարցեր մայրաքաղաքներում: Եղել են նաեւ կոնգրեսական պատվիրակություններ, եւ մենք դա ողջունում ենք, որովհետեւ տարածաշրջանային առումով նաեւ կարեւոր է, որ, կոնգրեսական, կամ պետքարտուղարության պատվիրակությունները գնան ոչ միայն Հայաստան, Վրաստան ու Ադրբեջան, այլ նաեւ ծանոթանան հայ-թուրքական ու Թուրքիա-Հարավային Կովկաս հարաբերություններին, փորձելով դրականորեն ներազդել դրանց զարգացման վրա:

Այդ միջնորդություններին ավելացան մի քանի նոր առաջարկներ, մասնավորապես Լիբանանի, Կանադայի արտգործնախարարության, եւ ամենակարեւորը՝ Եվրամիության միջնորդությունն է ու այն պապատրաստակամությունը, որը Եվրամիությունը պատրաստվում է ստանձնել:

Հայտնի է, որ դեռեւս Նոր հարեւանության նախաձեռնությունից առաջ Եվրամիութ֊յունն այստեղ նշանակել է հատուկ ներկայացուցիչ՝ դեսպան Հեյկի Տալվիտիեին: Նրա մանդատը վերաբերում են հենց Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգությանը, հակամարտությունների լուծմանը, ինչպես նաեւ տարածաշրջանային համագործակցությանը: Իմ կարծիքով այդ մանդատի հիմնական ուղղվածությունը պետք է լինի նաեւ հայ-թուրքական հարաբերությունները, կամ Թուրքիա-Հարավային Կովկաս հարաբերությունները: Մենք դարձել ենք Նոր հարեւանություն նախաձեռնության մասնակիցը, եւ այստեղ Եվրամիությունը կարող է շատ կառուցողական եւ կարեւոր դեր խաղալ:

Տպել էջը